Քոչարյանը ծավալեց ու ծածկեց Աբրահամյանին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կլանեց հանրային ուշադրությունը Մարտի 1-ի գործընթացի ոչ պակաս առանցքային մի դրվագից, որ տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքների խուզարկության արդյունքում: Օգոստոսի 11-ին՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից երկու օր առաջ, դատարանը ընտրեց Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի խափանման միջոցը՝ կալանավորելով նրան: Իսկ պատճառը հայտնաբերված զենք-զինամթերքն էր և Մարտի 1-ին դրա օգտագործված լինելու հավանականությունը, որի մասին հայտարարել էր ԱԱԾ պետը:

Ի դեպ, հատկանշական է, որ օգոստոսի 10-ին էլ ԱԱԾ պետը մեկնել էր Արցախ՝ Բակո Սահակյանի հետ հանդիպման: Դա տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի տարածքների խուզարկությունից և նրա եղբոր ձերբակալությունից հետո և նրա կալանավորման դատական որոշումից առաջ: Ի դեպ, հետաքրքիր է, որ ԱԱԾ պետի՝ Արցախ այցը համընկել էր նաև Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցի հետ, որը, ըստ պաշտոնական տեղեկության, ուներ մորը տեսակցելու նպատակ: Այդ ամենը՝ իհարկե զուտ ժամանակագրական կարգով, որովհետև բովանդակային առումով դրանք, համենայնդեպս՝ հրապարակային որևէ տեղեկատվությամբ կամ փաստով, չեն ունեցել ընդհանուր ոչ մի կապ:

Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի զենքի և տարածքների հետ, որոնք գտնվել են այնտեղ: Սակայն մի՞թե ԱԱԾ պետը կարող էր անել հայտարարություն՝ առանց հիմնավոր ապացույցների, ասելով նաև, թե այդ զենքը կիրառել են թիկնապահները: Չի նշվել, իհարկե, թե ում թիկնապահները, սակայն երևի թե միայն, այսպես ասած, ժամանակից շուտ չբացահայտելու համար:

Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության շուրջ առաջացած աղմուկը ծածկեց ԱԱԾ պետի կարևոր հայտարարություններն ու Աբրահամյանների շուրջ զարգացումները, մինչդեռ նրանք, մեղմ ասած, ամենևին էլ երկրորդական դերակատար չեն եղել ոչ միայն Մարտի 1-ի իշխանության մեջ, այլ նաև հետագա տասնամյակում, մինչև անգամ հավակնելով Սերժ Սարգսյանից իշխանությունը ժառանգելուն: Իհարկե, այդ հավակնությունն ավարտվեց Աբրահամյանի անփառունակ հեռացումով՝ թե՛ պաշտոնից, թե՛ քաղաքականությունից, սակայն մինչ այդ նա եղել է բավականին ուշագրավ զարգացումների ուղղակի թե անուղղակի մասնակից, և նրա եղբոր կալանավորումն ու հայտնաբերված զենքը հանրային ուշադրությունից դուրս են մնացել թերևս «անարդարացիորեն»: Առավել ևս, որ այդ հարցում կա երկու ուշագրավ հանգամանք:

Նախ՝ այն, որ զենքի մասով խուզարկություններ ու հայտարարություններ արեց ոչ թե ՀՔԾ-ն, այլ ԱԱԾ-ն, և բացի այդ՝ դրան հաջորդեց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Արդյոք կա՞ր դրանց միջև որևէ ընդհանուր կապ, և արդյոք Ռոբերտ Քոչարյանը, իր շուրջը ծավալված աղմուկով ծածկելով Աբրահամյանների շուրջ Մարտի 1-ի գործով զարգացումները, այդ «աղմուկի» իրավունքը չէ՞ր «վաստակել»՝ նպաստելով այդ զարգացումների ծավալմանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ի՞նչ ընթացքում է Աբրահամյանների և հայտնաբերված զենքի գործը, օգտագործվե՞լ է այն, ի վերջո, Մարտի 1-ին և ո՞ւմ թիկնապահների ձեռքով:

https://www.1in.am/2408400.html

Be the first to comment on "Քոչարյանը ծավալեց ու ծածկեց Աբրահամյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*