«Գազպրոմ»-ից «լևի» գիծ են քաշում, եթե պայթում է, պատվոգիր են ստանում

Ասում են՝ «Գազպրոմ»-ի համակարգում գործն այնքան լավ է, որ, օրինակ, սուրճ եփողը կարող է մի քանի տարվա ընթացքում գործարանի, գազալցակայանի տեր դառնալ… Եթե պայթյուններն էլ շատ լինեն, պատվոգիր էլ կստանան…

«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունն իր որոշ անպատասխանատու աշխատակիցների միջոցով վտանգում, վնասում է մարդկանց կյանքը, գույքը, հասցված վնասի փողն էլ չի տալիս: Իսկ վտանգը շարունակում է պահպանվել…

Եթե ԱԻ նախարարությունը և ՊԵԿ-ը մանրակրկիտ ստուգումներ սկսեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության Մարտունու գազաֆիկացման, գազամատակարարման մասնաճյուղում (ԳԳՄ), կարող է պարզվել, որ ԳԳՄ պետ Ավետիք Խաչատրյանի թողտվությամբ նրա եղբայր Գագիկ Խաչատրյանն ամբողջ Մարտունու տարածաշրջանը «ականապատել է» գազի «լևի» գծերով:

Նախկինում անդրադարձել ենք Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի «Սոնա Սաֆարյան» ԱՁ-ին պատկանող խանութում տեղի ունեցած ուժեղ պայթյունին:

Այն առաջացել էր առանց համայնքի ղեկավարի թույլտվության, գաղտնի և շինարարական նորմերի խախտումներով անցկացված և Շիրակ Խալոյանի գազալցակայանը սնող գազատարի ապօրինի գծի վնասման հետևանքով. անհոտ գազը գետնի տակով, կոյուղու միջով արտահոսել էր հարևանությամբ գտնվող շինությունից ներս, և լուցկու կայծից հուժկու պայթյուն էր որոտացել:

Բավականին լուրջ այրվածքներով և մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել խանութի վաճառողուհի Սյուզաննա Մնացականյանը և հաճախորդ Վասպուրակ Բարեյանը: Պայթյունի հզորությունից նույնիսկ խանութի պանելածածկն էր անջատվել, վեր բարձրացել և ընկել՝ փլուզելով պատերը: Այսօր հենասյուներն են մի կերպ պահում պատերը, որովհետև «Գազպրոմ»-ը չի ցանկանում փոխհատուցել փորձագիտական եզրակացությամբ սահմանված վնասը՝ մոտ 25 միլիոն դրամը…

Քրեական պատասխանատվության ենթակա անձանց շղթայից միայն Գագիկ Խաչատրյանն է դատապարտվել, այն էլ՝ ընդամենը 500․000 դրամ տուգանքի:

Այսօր խանութի շենքը շարունակում է վտանգ ներկայացնել այնտեղ աշխատող և խանութից օգտվող քաղաքացիների համար: Ավելին, «Գազպրոմ»-ի՝ անպատիժ մնացած նույն անձինք կրկին գազի գիծ են անցկացրել խանութի անմիջապես կողքով և շահագործում են անպատասխանատու ձևով:

Մեր այցի պահին գյուղի սկզբնամասում գազագծերն անմխիթար վիճակում էին, կցոնված ժանգոտ խողովակներով, ներկված չէին, որպեսզի հնարավոր լիներ տարբերակել իրենց վտանգավորությամբ և անկանխատեսելի դեպքերում խուսափել դրանք վնասելուց:

Ավելին, Լիճքի սկզբնամասում, գազի ընդգծված հոտից նույնիսկ դժվար չէր կռահել, որ գազի արտահոսք կա, գիծն էլ անցնում է գյուղի դպրոցի մոտով, ինչն ավելի է մեծացնում վտանգը և պատասխանատուների պատասխանատվության աստիճանը:

Կրկին վերադառնանք տուժածի թեմային. այժմ, երբ արդեն նույնիսկ քրեական և քաղաքացիական կարգով դատական գործընթացներն օգուտ չեն տվել, տուժածների հայրը՝ Սամվել Մնացականյանը, նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա ակնկալում է, որ կառավարությունը, օգտագործելով իր լծակները, կկարողանա «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ստիպել պատշաճ կատարել իր պարտականությունները և հատուցել վնասները:

Այն ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«…Առաջին անգամ որոշել եմ դիմել պետական մարմիններին՝ ի դեմս Ձեզ: Թվում էր ներկայացվող գործը քրեական ընթացակարգով օբյեկտիվ լուծում կունենա, և չէինք հայտնվի երկարատև տառապանքներում:

Ես սույն գործով տուժողներ Սոնա Սաֆարյանի և Սյուզաննա Մնացականյանի հայրն եմ:

2014թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 08:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող իմ աղջկա «Սոնա Սաֆարյան» Ա/Ձ-ին պատկանող մթերային խանութում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով խանութը ամբողջովին վնասվեց, իսկ խանութում աշխատող աղջիկս՝ Սյուզաննա Մնացականյանը և հաճախորդ Վասպուրակ Բարեյանը մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխվեցին Մարտունու բժշկական կենտրոն: Մինչ օրս աղջիկս՝ Սյուզաննան, նկատելի այրվածքներ ունի պարանոցին, ձեռքերին, և չկարողացանք նրան կոսմետիկ վիրահատությունների ենթարկել, իսկ մյուս աղջկաս պատկանող խանութը ներկա պահին արդեն կիսաքանդ վիճակում է:

Դեպքի առթիվ 2014թ. հոկտեմբերի 18-ին Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի մասով հարուցվեց քրեական գործ: Գործը քննվեց տարիներ շարունակ և ավարտվեց նրանով, որ ակնհայտ հովանավորվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ի շատ աշխատակիցներ, որոնց մեղքը այս դեպքի հետ ապացուցված էր, ովքեր պարտավոր էին հսկել գազատարների անխափան աշխատանքը, ովքեր մեղավոր էին գազատարը թերություններով կառուցելու հարցերում:

Գործի քննության ընթացքում հիմնավորվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ի պետ Ավետիք Խաչատրյանը մենաշնորհային ձևով գազագծի կառուցումը տվել է իր եղբորը՝ «Գագիկ-Մանե» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանին, որի մեղքը քրեական գործով հիմնավորվել է: Նա ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2017թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ 500․000 ՀՀ դրամ գումարի չափով:

Հայտնեմ նաև, որ նա շարունակում է աշխատել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Մարտունու ԳԳՄ-ում, մինչդեռ դրան հակառակ մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ: Մնացած բոլոր այն անձինք, ովքեր ստորագրել են գազագծի հանձնման-ընդունման ակտը և աչք են փակել Գագիկ Խաչատրյանի կողմից թերություններով կառուցված գազատարի վրա, որևէ պատասխանատվություն չեն կրել:

Մինչև հիմա քաղաքացիական հայցը՝ գումարի բռնագանձման պահանջով, տրամաբանական լուծում չի ստացել… քրեական գործով նշանակված փորձաքննության եզրակացությունը, որով արձանագրվել է 22.829.448 ՀՀ դրամ՝ շենքին հասցված վնասը, 1.495.229 ՀՀ դրամ՝ խանութի ապրանքներին հասցված վնասը և մոտ 1.000.000 ՀՀ դրամ՝ առողջությանը հասցված վնասը, լուծում չի ստացել:

Աղջկաս առողջությանը հասցված անվերականգնելի վնասվածքների համար 1.000.000 ՀՀ դրամի չափով վնասի պահանջը մի քանի տարվա ընթացքում հատուցվել է Գագիկ Խաչատրյանի կողմից մաս-մաս, մնացած վնասները չեն հատուցվել, և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ն շարունակում է նույն մերժողական մոտեցումը ցուցաբերել ինձ հասցված վնասները հատուցելու հարցում:

Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում հարցը պարզ է, և նշանակված փորձաքննությունը բավարար է լուծելու համար մեզ հասցված նյութական վնասի փոխհատուցման հարցը, սակայն ստեղծված քաշքշուկը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «հզորությունը» ՀՀ-ում, նրա աշխատակիցների անպատժելի լինելու համոզվածությունը մեր մաշկի վրա ենք զգում 4 տարի ձգձգված՝ քրեական, քաղաքացիական գործերով:

Դժվար աշխատանքով գյուղական միջավայրում ստեղծել եմ փոքր խանութ երեխաներիս փոքր-ինչ ապահովելու համար, սակայն ամեն ինչ քարուքանդ եղավ, և ներկայումս լինելով 80 տարեկան, կրկին չեմ կարող ստեղծել նորը կամ հոգալ իմ առօրյա հոգսերը:

Խնդրում եմ օգնել ինձ, որպեսզի արդարացի լուծում ստանա իմ հարցը»:

Շարունակելով թեման՝ նշենք, որ Մարտունու ԳԳՄ-ի սպասարկման տարածքում Լիճքի դեպքից առաջ էլ, հետո էլ պայթյուններ եղել են: Եղել են նաև ահազանգեր, որոնց մասին Խաչատրյան եղբայրների վերաբերմունքը նույնքան տարօրինակ է եղել, որքան «Գազպրոմ»-ի գնահատականը Մարտունու գազավիկներին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այսպես. մամուլից տեղեկանում ենք, որ «2012թ-ի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, ժամը 00:15-ին, Մարտունի -Ներքին Գետաշեն ավտոճանապարհի մաս կազմող կամրջի մոտակայքում տեղի է ունեցել մեծ քանակությամբ գազի արտահոսք: Տեղի բնակիչների ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանեց Մարտունու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունը:

Մարդկանց պատմելով` պայթյունի ձայն են լսել: Ըստ ծառայության աշխատակիցների, պայթել է գազատար խողովակի սողնակային փականը: Վթարի պատճառով գազազրկվել են Վերին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Մարտունի համայնքները: Ծառայության աշխատակիցների ջանքերի շնորհիվ ժամը 01:23-ին դադարեցվեց գազի արտահոսքը: Բարեբախտաբար, հնարավոր աղետը կանխվել է, զոհեր և վիրավորներ չկան»:

Մանրամասները` Մարտունու «Զանգակ» ՀԸ-ի պատրաստած տեսանյութում։

Մեկ այլ դեպքում՝ 16 օգոստոս. 2017թ-ին, համացանցային հարթակում Կարեն Հովհաննիսյան անուն ազգանունով անձը տեղեկացնում է, որ «Գազպրոմ»-ի Մարտունու տնօրենը անհարկի վիրավորել և կոպտել է քաղաքացուն՝ արտահոսքի մասին ահազանգ հնչեցնելու համար.

«Մարտունու ԳԳՄ-ի տնօրենի արկածները:

Առավոտյան քաղաքացին գնում է «Գազպրոմ Արմենիա» Մարտունու ԳԳՄ և տնօրենի մոտ հայտնում իր անհանգստության մասին, այն է, որ մի X վայրում, գազի խողովակի պատճառով խաչմերուկի վրա վթարային իրավիճակ է ստեղծվում միշտ, և որ հարցին լուծում տան: Իսկ տնօրենը, փոխանակ հասկանա, ըմբռնի հարցի էությունն ու բովանդակությունը, քաղաքացու հետ վարվում կոշտ, կոպիտ, վիրավորում, վեճ հրահրում և քաղաքացու վրա շխկոցով փակում դուռը… Կեցցե՛ «Գազպրոմ Արմենիան», կեցցե՛ Մարտունու ԳԳՄ-ն…»:

Եվ ահա այս ամենի ֆոնին առնվազն տարօրինակ է «Գեղամա» հեռուստատեսության պատրաստած և 2015թ. հուլիսին հրապարակած տեսանյութը, որտեղ փորձում են համոզել հեռուստադիտողին, թե ինչքան լավ ու ծանրաբեռնված են աշխատում Մարտունու որոշ ԳԳՄ-իշնիկներ:

Պատմում են, թե ինչքան հաճախ են լինում միջին ճնշման գազատարների վթարները, որոնք ներկայացվում են որպես 35 տարվա գազատարներ, թեև Մարտունին, որքան հայտնի է, անկախությունից հետո գազաֆիկացվել է 2000-ական թվականներից:

Ուշագրավ է նաև այն, որ Մնացականյանների խանութի պայթյունից հետո Մարտունու ԳԳՄ-ն հանրապետությունում ճանաչվել է համակարգի լավագույն ծառայություն մատուցողը՝ սպասարկման, գումարների հավաքագրման և էլի ինչ-որ բաների առումով: Եվ այդ մասին տեսանյութում ելույթ ունեցողների մի մասը Սամվել Մնացականյանի դստրերին առնչվող դեպքով մեղադրյալներից են:

Չմոռանանք, որ վերոնշյալ մասնաճյուղի տնօրենն ի սկզբանե եղել է Ավետիք Խաչատրյանը: Դեպքեր են եղել, երբ ցուրտ ձմռանը նա անջատել է բնակիչների գազամատակարարումը վճարումներն ուշացնելու համար. այդ առիթով լրատվամիջոցներից մեկին տարիներ առաջ նա վստահեցրել է, որ «մարտունեցիների մեծ մասն ամբողջ ամառ աշխատում է Ռուսաստանում: Հաստատ վճարելու գումար կունենան, եթե վերադարձել են»:

Այսինքն՝ Ավետիք Խաչատրյանը, իր լիազորությունները պատշաճ կատարելու, «լևի» գծերի անցկացումը թույլ չտալու, տարբեր տրամաչափի գազատարներից արտահոսքերը կանխարգելելու փոխարեն աչքը դրել է խոպանչիների բերած գումարների վրա և առաջինը զբաղվել դրանց հավաքագրմամբ:

Եվ թքած, թե իր ղեկավարած հիմնարկի գործողությունների կամ անգործության հետևանքով քանի մարդ ու ընտանիք կտուժի: Կարևորը Ավետիք և Գագիկ Խաչատրյանների նյութական վիճակն է, որը լավացել է պայթյունների ավելացմանը զուգահեռ:

Ավելին, «Գազպրոմ»-ը պատվոգիր է տվել, երբ նրանք բնակչության համար վտանգներ են ստեղծել և Մնացականյանների դեպքով էլ առողջական և նյութական ծանր հետևանքներ առաջացրել: Ստացվում է, որ «Գազպրոմ»-ի համար բնակչությանը վտանգելը խրախուսանքի արժանի քաղաքականություն է, որին պետք է վերջ տալ տոտալ ստուգումներ սկսելով… որովհետև «լևի» գիծ քաշողը «լևի» գազալցակայան էլ կարող է ունենալ։

https://www.1in.am/2408534.html

 

Be the first to comment on "«Գազպրոմ»-ից «լևի» գիծ են քաշում, եթե պայթում է, պատվոգիր են ստանում"

Leave a comment

Your email address will not be published.


*