Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ռուսական հետքը․ ի՞նչ է սպասվում Հոկտեմբերի 27-ի գործին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերացումը տարբեր վարկածների շրջանառության առիթ է տվել։ Նիկոլ Փաշինյանը դեռ իր պաշտոնավարման մեկնարկին հայտարարել էր, որ Հայաստանում այլևս չի գործելու «զանգով» արդարադատությունը, և որևէ հիմք չունենք չհավատալու վարչապետի պնդմանը։ Մյուս կողմից՝ գրեթե անհավատալի է, որ շուրջ երկու տասնամյակ Բաղրամյան 26-ի թելադրանքով գործող կոռումպացված դատական համակարգը կարող է օգտվել նոր Հայաստանի ընձեռած ազատություններից․մեր դատավորների գերակշիռ մասը դրան մասնագիտորեն ու բարոյապես պատրաստ չէ ու շատ դեպքերում աղմկահարույց գործընթացների ժամանակ առաջնորդվում է, այսպես կոչված, քաղաքական հոտառությամբ։ Օրինակ՝ դատավորները զգում էին, որ իշխանության համար հաճո է «ծռերի» ազատ արձակումը ու նրանց գերակշռող մեծամասնությունն ազատության մեջ է։ Դատարանների համար «հուշող» հանգամանք է, օրինակ, կառավարությանը մաս կազմող կուսակցությունների անդամ պատգամավորների երաշխավորագրերը։

Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանը պետք է մնար կալանքի տակ․ եթե մինչև վերաքննիչ բողոքը ՀՔԾ պետը երկու անգամ խոսում է դրա անհրաժեշտության մասին, փաստացի արտահայտում է իշխանության դիրքորոշումը։ Սակայն Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց ու, անկասկած, այս գործընթացում բացակայում է Նիկոլ Փաշինյանի թիմի գործոնը։ Շատերը կարծում են՝ Ռոբերտ Քոչարյանը կամ քրեաօլիգարխիան գործի դրեցին իրենց կապերը, սակայն դա հնարավոր է միայն տեսականորեն․ պաշտոնաթող նախագահի գործողություններն անազատության հետևանքով ամեն դեպքում կաշկանդված էին, իսկ քրեաօլիգարխիան չունի այնքան ռեսուրսներ միայն իր ուժերով նման խնդիր լուծելու համար, մանավանդ որ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը հեղափոխության լուրջ փորձություններից մեկն է։

Պնդումներ չենք անում, սակայն խիստ արժանահավատ են թվում ռուսական միջամտության մասին խոսակցությունները, ինչը լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակին։ Փաստացի վերացվել են այն բոլոր «մտահոգությունները», ինչի մասին բավականին կտրուկ կերպով արտահայտվել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա, որտեղ, ըստ հավաստի լուրերի, գտնվում է նաև Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ազատության մեջ՝ իր քաղաքական հայտով մարտահրավեր նետելով հեղափոխություն իրականացրած հասարակությանը։

Սա իրադարձությունների, այսպես կոչված, տեսանելի կամ ֆասադային հատվածն է, որը պարտադիր չէ ամբողջությամբ արտահայտի իրականությունը։ Սակայն Վերաքննիչ դատարանի որոշման, այսպես կոչված, ռուսական հետքի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Մարտի 1-ի իրադարձություններում ռուսական գործոնի մասին խոսվել է միշտ՝ դեռևս 2008թ-ից։ Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը կտրուկ գործողությունների դիմեց Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ հանդիպել էր Վլադիմիր Պուտինին, իսկ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո շտապեց Ռուսաստանի մայրաքաղաք՝ հրապարակավ շնորհակալություն հայտնելու Վլադիմիր Պուտինին ցուցաբերված աջակցության համար։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բացի դրանից՝ Մարտի 1-ի ամբողջական բացահայտումը սպառնում է քանդել քրեաօլիգարխիկ ամբողջ կծիկը, ինչը գործնականում հարվածում է ռուսական շահերին․ Ռուսաստանը Հայաստանում կորցնում է իր ամենավստահելի հենարանին, որը մշտապես պատրաստ է եղել զոհաբերել անգամ երկրի ինքնիշխանությունը և անվտանգությունը։

Որևէ հանցագործության բացահայտում կարևոր է ոչ միայն մեղավորներին պատժելու և արդարությունը վերականգնելու, այլ նաև նախադեպեր, մշակույթ ձևավորելու տեսանկյունից։ Օրինակ՝ Մարտի 1-ի բացահայտումը խիստ կենսական է, որպեսզի ձևավորվի հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ սահմանադրական կարգի տապալման որևէ փորձի հանդեպ։ Այս առումով՝ Հայաստանի իշանությունները պարտավոր են Հայաստանի արդարադատութունը պաշտպանել ռուսական միջամտություններից ու ոտնձգություններից, եթե համառորեն շրջանառվող տեսակետներն ունեն առարկայական հիմք։ Դրանով իշխանությունները կերաշխավորեն ոչ միայն Մարտի 1-ի ամբողջական բացահայտումը, այլ նաև հիմքեր կստեղծեն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման համար։ Ի վերջո, Հոկտեմբերի 27-ի գործում Ռուսաստանն ուղղակի շահառու է ու թերևս հենց դրանով է պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նրանց «մտահոգությունը»։ Եթե իսկապես իշխանությունները հետամուտ են հայ-ռուսական հարաբերությունների որակական փոխոխությանը, ապա Հոկտեմբերի 27-ի բացահայտումն այլընտրանք չունի, որովհետև այդ աննախադեպ ոճրագործությամբ են դրվել ռուսական վասալության հիմքերը։

Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտումը կենսական է Հայաստանի համար, եթե նույնիսկ այդ ճանապարհին մեր երկիրը հարկադրված լինի լուրջ վերանայումներ կատարել արտաքին քաղաքականության մեջ։

https://www.1in.am/2408159.html

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ռուսական հետքը․ ի՞նչ է սպասվում Հոկտեմբերի 27-ի գործին"

Leave a comment

Your email address will not be published.


*