Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հակառակորդը․ Սերժ Սարգսյանը կանչվելու է ՀՔԾ

Այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, ու երկրորդ նախագահը տեսականորեն կարող է լքել երկրի տարածքը։ Անկախ այն հանգամանքից, որ Քոչարյանը երկրորդ բևեռ դառնալու հայտ է ներկայացրել՝ երկրից ճողոպրելու մտադրությունը նրա պարագայում իրական է՝ հատկապես որ Քոչարյանի սկսած խաղը վաբանկային է, ու պարտության դեպքում նա կորցնելու է ոչ միայն ազատությունը, այլև երբևէ որևէ կարգավիճակով ռեաբիլիտացվելու հույսը։ Սակայն այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հասկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, չի կարող հատել երկրի սահմանը․եթե նա նման փորձ անի, ապա դա կդիտարկվի որպես նախաքննությունը խոչընդոտելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ: Ակնհայտ է, որ դա կարող է լրացուցիչ հանգամանք հանդիսանալ Քոչարյանի մեղադրանքի ծավալը մեծացնելու և նրան կալանավորելու համար։ ՀՔԾ պետը չի թաքցրել նաև, որ հետամուտ են լինելու, որպեսզի երկրորդ նախագահը կրկին հայտնվի ճաղերի հետևում՝ հույս հայտնելով, որ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի որոշումը։

Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը կարող է ժամանակավոր լինել ու նրա համար «թակարդի» դեր հանդիսանալ։ Քոչարյանը նահանջի կամ երկրից փախուստի հնարավորություն չունի և հարկադրված է դառնալ երկրորդ բևեռ։ Մյուս կողմից՝ երկրորդ նախագահը հրապարակային քաղաքական գործիչ չէ, ինչը գրեթե բացառում է լեգալ քաղաքական ճանապարհով ինքնադրսևորվելու հնարավորությունը։ Սրան հավելենք նրա նկատմամբ հասարակության անթաքույց ատելությունը, ինչպես նաև այն ոչ պակաս հանգամանքը, որ նա քաղաքական գործոն է դառնում Մարտի 1-ի գործով, ինչն արդեն ենթադրում է դեստրուկտիվ քաղաքական հայտ՝ արյունոտ հետագծով։

Իշխանությունն առավելագույնը Քոչարյանին պետք է ներքաշի հրապարակային քաղաքականության դաշտ՝ ցույց տալով երկրորդ նախագահի պոտենցիալի, հնարավորությունների իսպառ բացակայությունը։ Մյուս կողմից՝ դա միակ տարբերակն է, որ Քոչարյանին կզրկի խարդավանքների դիմելու հնարավորությունից։ Վաղվա հանրահավաքից հետո Քոչարյանը հարկադրված պետք է խոսի, որովհետև գրեթե անկասկած է, որ հենց նա է հեղափոխության կողմնակիցների կոնսոլիդացիայի ազդակներից մեկը, այս պահին, թերևս, հիմնականը։

Մյուս կողմից՝ ՀՔԾ պետի այսօր հայտնած մյուս տեղեկատվությունը կարող է դարձյալ էական ազդեցություն ունենալ ներքաղաքական կյանքի, ուժերի դասավորության վրա։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կհարցաքննվի Մարտի 1-ի գործի շրջանակներում: Իհարկե, այս հարցում ինտրիգներն դեռևս ավելի քիչ են․Խաչատրյանն առայժմ չի նշել կոնկրետ ժամկետներ, և, որ ամենակարևորն է, կարծես թե երրորդ նախագահի հարցաքննության շուրջ սպասումն անհամեմատ թույլ է։

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու լուրը խիստ էական է, որովհետև քաղաքական զարգացումների հետնաբեմում ակտիվ ասեկոսեներ էին պտտվում Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի ենթադրյալ պայմանավորվածությունների մասին, ու հիմա այդ խոսակցությունները դատարկ ու սին են դուրս գալիս․ ՀՔԾ-ն խախտում է նաև Սերժ Սարգսյանի «անձեռնմխելիությունը»։ Արդյո՞ք նախաքննության մարմինը կգնա նույն տարբերակով ու նույն մեղադրանքը կամ կալանավորման միջնորդությունը կներկայացնի նաև Սերժ Սարգսյանի համար, թե՞ այս պարագայում կընտրվի այլ մարտավարություն։

Այս հարցին պատասխանելն անչափ դժվար է, սակայն նախաքննության մարմնի ընտրած յուրաքանչյուր իրավական սցենար ուղղակի քաղաքական ազդեցություն է ունենալու։ Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանն արժանանա ավելի «փափուկ» վերաբերմունքի, ապա երկրորդ բևեռի առաջնորդության Քոչարյանի իրավունքը դառնում է ավելի լեգիտիմ․նա է մնում Մարտի 1-ի գործի հիմնական թիրախը։ Մյուս տարբերակի դեպքում՝ եթե Սերժ Սարգսյանին առաջադրվի նույն մեղադրանքը, ապա քրեաօլիգարխիկ համակարգում պայքարը սրվելու է։ Նախ՝ երկրորդ ու երրորդ նախագահները մրցակցության մեջ են մտնելու․յուրաքանչյուրը փորձելու է իր ձեռքում կենտրոնացնել նախկին համակարգից մնացած ռեսուրսները։ Դա կարևոր է ոչ միայն երկրորդ բևեռի առաջնորդությունը ստանձնելու հարցում, այլ գործողությունների ազատություն ստանալու տեսանկյունից։ Ի վերջո, երկրորդ ու երրորդ նախագահների միջև դաժան պայքար է գնալու, թե նրանցից ո՞ւմ պետք է «փուռը» տա հին համակարգը՝ հատուցելով իր քսանամյա մեղքերը ու փոքր-ինչ հանգստացնելով հասարակական կրքերը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://www.1in.am/2408578.html

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հակառակորդը․ Սերժ Սարգսյանը կանչվելու է ՀՔԾ"

Leave a comment

Your email address will not be published.


*