Սպառնալի՞ք, թե զսպում. Թբիլիսիի թուրք-ադրբեջանական «տանգոն»

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Գաբալայում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումն ու քննարկումները հասկանալի ուշադրության են արժանացել Հայաստանում: Այդ հանդիպման արդյունքում հայտարարվել է, որ Վրաստանին առաջարկվել է մասնակցել թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքներին, ինչին Թբիլիսին համաձայնել է: Միաժամանակ, երեք կողմերը խոսել են այն մասին, որ իրենց գործակցությունը նպաստում է ռեգիոնալ կայունությանն ու անվտանգությանը:

Արդյոք Թուրքիան ու Ադրբեջանը ռեգիոնալ կայունությանը եւ անվտանգությանը նպաստող գործոններ են: Ադրբեջանը դրա ուղիղ սպառնալիք է: Չի կարող Հայաստանին ու Արցախին պատերազմով սպառնացող սուբյեկտը լինել ռեգիոնալ կայունության եւ անվտանգության գործոն: Թուրքիան այդ սպառնալիքի առանցքային աջակից է: Գործուն մասնակցություն ունի Հայաստանի շրջափակմանը, միաժամանակ աջակցում է Հայաստանի դեմ ադրբեջանական պահանջներին, որոնց չկատարման դեպքում Բաքուն սպառնում է պատերազմով:

Երբ իրավիճակը դիտարկում ենք այսպես ասած ինքնահոսի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ Վրաստանը միանում է Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքին:

Սակայն, ռեգիոնալ իրողությունները միաշերտ գործընթացներ չեն: Այլապես կարող է ստացվել, որ Հայաստանում ռուսական ռազմակայանով էլ Հայաստանն է տարիներ շարունակ սպառնալիք Վրաստանի նկատմամբ, որքանով կա վրաց-ռուսական կոնֆլիկտ: Ի դեպ, Վրաստանը տարբեր տարիների բարձրացրել է այդ վտանգի հարցը, ինչին Երեւանը տարիներ շարունակ շատ հստակ արձագանքել է, որ չկա Հայաստանի տարածքից Վրաստանի սպառնալիք:

Այդ իմաստով, վրաց-թուրք-ադրբեջանական պաշտպանական ձեւաչափում՝ որն ի դեպ արդեն ունի տարիների պատմություն եւ ամենեւին նոր չէ, պաշտոնական Թբիլիսին էլ նույն կերպ պետք է հրապարակային մակարդակում հավաստիացնի, որ եռակողմ այդ գործակցությանը Վրաստանի մասնակցությունը չի կարող պարունակել Հայաստանի համար որեւէ սպառնալիք եւ Թբիլիսին չի մասնակցի Հայաստանի համար սպառնալիք ենթադրող որեւէ պաշտպանական գործողության:

Հայ-վրացական հարաբերության գործում թուրք-ադրբեջանական եւ ռուսական տարրերը անկասկած բավականին զգայուն են, մի շարք հանգամանքների բերումով: Երեւանն ու Թբիլիսին այդ իմաստով պետք է հարաբերություն զարգացնեն բարդ շրջանակում, երբ շոշափելի է հակասական գործոնների ազդեցության միջավայրը: Միաժամանակ, Երեւանն ու Թբիլիսին ռեգիոնում բնական դաշնակիցներ են եւ խորքային, ռազմավարական մակարդակում ընդհանուր են սպառնալիքները: Երկուստեք անշուշտ որոնվում են առանձին երաշխիքներ, բայց դրանց էֆեկտիվությունը երկուստեք հարաբերական է լինելու, եթե անվտանգության ռազմավարական հեռանկարը չկառուցվի այդ բնական դաշնակցության տրամաբանության հենքով:

Դա պետք է ենթադրի հարաբերության քայլ առ քայլ խորացում, բազմաճյուղ ուղղվածությամբ, այդ թվում պաշտպանական բնագավառում էլ: Այդ առումով, Երեւանն ու Թբիլիսին անում են դա, սակայն այդ հարաբերությունն իր բնույթով չպետք է էապես զիջի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Վրաստանի գործակցությանը: Եվ աստեղ խնդիրը միայն Երեւանի դիվանագիտական աշխատանքի արդյունավետությունը չէ, այլ նաեւ Թբիլիսիի:

Այդ պարագայում, հայ-վրացական ռազմավարական հարաբերության դինամիկ եւ կայուն խորացման պարագայում թուրք-ադրբեջանական ֆորմատում Թբիլիսիի ներկայությունը իր հերթին կդառնա հայկական անվտանգության համար ռիսկերը զսպող կարեւոր գործոններից մեկը, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունը կդառնա Վրաստանի անվտանգության համար ռիսկեր զսպող կարեւոր գործոն:

Հայաստանի եւ Վրաստանի ինքնիշխան ռազմա-քաղաքական «կոոպերացիան» է ռեգիոնալ անվտանգության ու կայունության խորքային հիմքն ու առանցքային բաղադրիչը:

https://www.lragir.am/2019/06/14/451829/

Be the first to comment on "Սպառնալի՞ք, թե զսպում. Թբիլիսիի թուրք-ադրբեջանական «տանգոն»"

Leave a comment

Your email address will not be published.


*