Հայաստանն արեց անհնարինը. վարչապետի թեժ սպասումը

Հունաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի արդյունքին արձագանքել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձանագրելով՝ երկու խաղ եւ երկու հաղթանակ, ընդհանուր վեց գոլ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա արդեն լուրջ է: «Թեժ ֆուտբոլային աշնան սպասումով», հավաքականին իր շնորհավորանքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այդ երկրի ազգային հավաքականի նկատմամբ Հայաստանի հավաքականի 3:2 հաշվով հաղթանակը զուտ ֆուտբոլային տեսանկյունից թերեւս անսպասելի էր: Հայաստանը մի քանի օր առաջ հաղթեց Լիխտեյնշտեյնի հավաքականին, բայց թե այդ խաղում, թե ընդհանրապես վերջին տարիներին Հայաստանի հավաքականի խաղային որակները ամենեւին չէին տալիս Հունաստանի նկատմամբ հաղթանակի ռացիոնալ սպասման հիմք: Սպասումը կարող էր լինել պարզապես երկրպագուական հավատը:

Երկրպագուները ցնծում են, Հայաստանը թվում է թե անհնարինն արեց, բայց ռացիոնալ սպասման նախադրյալները կարծես թե չեն ավելացել: Դա նշանակում է, որ մարզիչներն ու ֆուտբոլիստները Հունաստանի նկատմամբ հաղթանակից հետո պետք է չխաբվեն, եթե իհարկե ուզում են զարգացնել հաղթանակը ընդհուպ Եվրո 2020-ի ուղեգիր ձեռք բերելու իրական հնարավորություն:

Չորս խաղի արդյունքում Հայաստանն ունի երկու պարտություն՝ բոսնիացիներին ու ֆիններին, եւ երկու հաղթանակ՝ Լիխտեյնշտեյն ու Հունաստան: Ներկայումս հավաքականը երրորդ տեղում է: Առաջին տեղում Իտալիան է, որը հաղթել է բոլոր 4 խաղերում: Երկրորդ տեղում ֆիններն են, որոնք պարտվել են միայն Իտալիային եւ ունեն 9 միավոր: Հայաստանի հավաքականը հաջորդ երկու խաղերը խաղալու է Երեւանում՝ սեպտեմբերի 5-ին Իտալիայի, իսկ 8-ին՝ Բոսնիայի հետ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իտալիայի դեմ շանս Հայաստանը թերեւս չունի, որքան էլ մեծ լինի Հունաստանին հաջորդած ոգեւորությունը: Մանչինին կարծես թե ձեւավորում է Իտալիայի նոր հավաքական, զգալի երիտասարդ, ագրեսիվ, հավակնոտ կազմով ու խաղով: Բարեբախտաբար, այդ Իտալիայի դեմ շանս չունեն նաեւ մյուս հավաքականները, եւ մրցաշարի առաջին կեսը խոսում է այդ մասին: Հետեւաբար, պայքարը երկրորդ տեղի համար է: Այդ տեղի շանս ունենալու համար Հայաստանը իրապես պետք է կենտրոնանա Բոսնիայի, Հունաստանի եւ Ֆինլանդիայի հետ խաղերի վրա: Հունաստանին եւ Բոսնիային հյուրընկալելու ենք:

Իհարկե, հիանալի կլինի, եթե հաջողվի միավոր կորզել անգամ Իտալիայից, բայց, այդուհանդերձ, սեպտեմբերի 5-ին թերեւս անհրաժեշտ է չմոռանալ, որ երեք օր անց կարեւորագույն խաղ է Բոսնիայի հետ, ըստ այդմ պետք է շատ ռացիոնալ բաշխել ուժերը եւ դրանք չսպառել իտալացիների դեմ ամբողջությամբ, երբ հետո դժվար կլինի վերականգնվելը: Իսկ Հայաստանի հավաքականի ֆիզիկական, ֆունկցիոնալ պատրաստությունը մեղմ ասած բարձր մակարդակի վրա չէ: Այն դեպքում, երբ Բոսնիայի հավաքականն աչքի է ընկնում հատկապես այդ հատկանիշներով:

Հայաստանն ունի «թեժ աշնանը» պատրաստվելու ամառային մեծ ժամանակ: Ինչպե՞ս կօգտագործվի այդ ժամանակը: Կա՞ ընկերական խաղերի բավարար հեռանկար, ուժեղ մրցակիցներով, հավաքականի տոնուսը պահելու համար:

Կարեւորն իհարկե Հունաստանի նկատմամբ հաղթանակից էյֆորիայի գիրկը չընկնելն է: Հաղթանակներ, ավելի հնչեղ, մեր թիմն էլի է ունեցել, բայց դրանք չեն ունեցել կայուն շարունակություն:

Հունաստանի հետ խաղի հաշիվը հիանալի է, իսկ որակը բավարար չէ կայուն շարունակություն ակնկալելու համար: Չկա արագություն, չկա կոմբինացիոն խաղ, խիստ հազվադեպ են դրվագները, երբ թիմը կարողանում է դաշտի կենտրոնում եւ դրանից այն կողմ կատարել 3-4 եւ ավելի փոխանցում: Արագ եւ ագրեսիվ հարձակման դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում պաշտպանությունում:

Սակայն, ընդհանուր առմամբ առանցքային է այն, թե հաղթանակն իրենց միջով ինչպես կանցկացնեն մարզիչներն ու ֆուտբոլիստները: Այստեղ հույժ կարեւոր է մտածողության խնդիրը, որն ընդհանրապես գլխավորներից է հայկական ֆուտբոլում: Մտածողությունը խանգարում է աճին: Վկայությունը Հենրիկ Մխիթարյանն է, որը լինելով մեր ֆուտբոլի ամենեւին ոչ ամենատաղանդավորը, ամենաբարձր ձեռքբերման միջազգային աստղի մակարդակի հասած միակ ֆուտբոլիստն է առավելապես հենց մտածողության, ֆուտբոլային աշխատանքի հանդեպ իր վերաբերմունքի շնորհիվ:

Ի դեպ, Հենրիկ Մխիթարյանը ներկայում հայկական ֆուտբոլի առաջ պատասխանատվություն եւ անելիք ունի ավելի շատ այդ առումով, քան խաղային: Միթարյանն արդեն մոտենում է ֆուտբոլիստի համար բավական մեծ տարիքի, նկատելի է նրա խաղային որակների եւ արդյունավետության նվազումը: Նա ավելի շատ կարող է դեր ունենալ որպես հայկական ֆուտբոլի «հոգեւոր-մշակութային» առաջնորդ, խաղընկերների, երիտասարդ սերնդի համար լինելով ուղենիշ առաջին հերթին հենց այդ տեսանկյունից՝ ֆուտբոլի հանդեպ վերաբերմունքի, պրոֆեսիոնալ մտածողության տեսանկյունից:

Ինչպե՞ս կհաջողի նա այդ գործում աշնանային ցիկլին ընդառաջ:

https://www.lragir.am/2019/06/12/451012/

Be the first to comment on "Հայաստանն արեց անհնարինը. վարչապետի թեժ սպասումը"

Leave a comment

Your email address will not be published.


*