Ինչպես ստացավ Ալիևը պատերազմի իրավունքը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բրիտանական «Թայմսը» գրում է, որ «Արսենալը» կայացրել է Հենրիկ Մխիթարյանին Բաքվում տեղի ունենալիք Եվրոպա լիգայի եզրափակչի խաղի հայտացուցակ չընդգրկելու որոշում: Ըստ տեղեկության՝ այդ որոշումը կապված է Մխիթարյանի անվտանգության, ինչպես նաև այդ հարցի առնչությամբ «Արսենալի» ֆուտբոլիստների մոտ հնարավոր լարվածության հետ: Թիմի ղեկավարությունը համարում է, որ Մխիթարյանի հարցը կարող է լարվածություն առաջացնել ամբողջ թիմում: «Արսենալի» ղեկավարության մոտեցումը տրամաբանական է: Որքան էլ Ադրբեջանը հավաստիացնում է Մխիթարյանի անվտանգությունը, միևնույն է՝ մթնոլորտի լարվածությունը չեզոքացնելը ուղղակի անհնար է: Իսկ դա էլ բնականաբար փոխանցվում է ոչ միայն կոնկրետ մարզիկին, այլ նաև ամբողջ թիմին:

Մխիթարյանի հարցը դարձավ գրեթե համաեվրոպական քննարկման առարկա՝ առնվազն ֆուտբոլային աշխարհի շրջանակում, որը բազմամիլիոն երկրպագուների աշխարհն է: Այդ իմաստով Մխիթարյանը կամա թե ակամա ծառայություն մատուցեց նաև հայկական դիվանագիտությանը:

Կհաստատվի՞ «Արսենալի» որոշումը պաշտոնապես, թե՞ ոչ: Սակայն իրավիճակը իսկապես հետաքրքիր է, որը թույլ է տալիս հայացք գցել ոչ վաղ անցյալի պատմության մի համանման իրավիճակի՝ կապված Բաքվում 2015 թվականին տեղի ունեցած Եվրաօլիմպիադայի հետ, որին մասնակցեց նաև Հայաստանը: Հայաստանի դրոշը Բաքվի օլիմպիական ստադիոնում անցնում էր սուլոցների ներքո, Հայաստանի մարզիկները խաղերին մասնակցում էին ահռելի հոգեբանական ճնշման պայմաններում: Արժե խոնարհվել նրանց առաջ, քանի որ խայտառակ մրցավարության պայմաններում Հայաստանի մարզիկները ուղղակի կռվում էին արժանապատվության համար և ակնհայտորեն հաղթում, թեև կազմակերպիչները արեցին ամեն ինչ, որ հայկական թիմը չունենա որևէ ոսկե մեդալ, և Բաքվում չհնչի հայկական օրհներգը: Սպասելի՞ էր այդ խայտառակությունը: Անկասկած: Դրանից Ադրբեջա՞նը կորցրեց: Բոլորովին:

 

Ի վերջո՝ մարզաշխարհում խայտառակ մրցավարությունը նորություն չէ, այն անցնում է և գնում: Օրինակ՝ պակաս խայտառակություն չէր Ռիոյի օլիմպիադան, որտեղ խլեցին Հայաստանի ըմբիշ Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը՝ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի աչքի առաջ: Դրանից առաջ՝ նախորդ օլիմպիական խաղերի եզրափակչում, իր հանդեպ անարդարությունից դժգոհում էր Լևոն Ջուլֆալակյանը: Մրցավարական խայտառակությունը գնաց, մնաց Ադրբեջանի «եվրաօլիմպիական իմիջը», որը ապրիլյան պատերազմի նախապատրաստությանն ընդառաջ Բաքվի կարևոր «կռվաններից» էր՝ պատերազմի իրավունքը «փաստաթղթավորելու» հարցում: Ո՞վ էր պատասխանատու այդ իրավունքի լեգիտիմացման դրվագում Հայաստանի մասնակցության և կամա թե ակամա աջակցության համար: Այն դեպքում, երբ թվում է՝ Երևանն ուներ բոլոր անհրաժեշտ հիմքերը միջազգային ասպարեզում ցույց տալու, որ Ադրբեջանը բացարձակապես հեռու է մարդասիրական արժեքներից, որոնք օլիմպիական շարժման հիմքում են:

Թվում է, թե վաղեմության այս հարցն իրականում ուղիղ առնչություն ունի քաղաքական այն համակարգին և անցուդարձին, որ իշխել է Հայաստանում մինչև 2018 թվականի ապրիլ: Առավել ևս, որ այդ համակարգն այսօր ավելի ու ավելի հանդուգն փորձ է անում Արցախյան հարցում իր «հայրենասիրականությունը» դարձնել հեղափոխության դեմ խաղերի ու նենգափոխումների առանցքային գործիք: Այն դեպքում, որ համակարգի բոլոր սեգմենտները թերևս պետք է պատասխան տան Արցախի դեմ հասունացող պատերազմական ագրեսիայի տարիների նախապատրաստման ընթացքում սեփական քաղաքական անմեղսունակության վերաբերյալ հարցերին, երբ այդ ագրեսիան նախապատրաստվում էր ոչ միայն Հայաստանում իշխող համակարգի լռության, այլ նաև որոշակի, թեկուզ անուղղակի, բայց նկատելի աջակցությամբ և Բաքվի քաղաքականության լեգիտիմացմամբ:

Be the first to comment on "Ինչպես ստացավ Ալիևը պատերազմի իրավունքը"

Leave a comment

Your email address will not be published.


*