Ո՞վ է բեմադրել «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների գործադուլը, և ո՞վ է զինված Ալինա Սերգեևնան

«Արարատցեմենտ» գործարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Այսօր նույնպես ցեմենտի գործարանի աշխատակիցները դուրս էին եկել բողոքի ակցիայի, իսկ գործարան տանող ճանապարհը փակ էր։ Վաղը նախատեսվում է գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը աշխատակիցների հետ։

Ուշագրավ է, սակայն, որ առաջին օրվանից էլ բողոքի ակցիայի ուղղվածությունը փոխվեց և ակնհայտ դարձավ, որ խնդիրը ոչ այնքան ցեմենտի հարցն էր, որքան ներքաղաքական ինտրիգները։ Դա հասկացել էին անգամ բողոքի ակցիայի դուրս եկած գործարանի աշխատակիցները և երկու օր շարունակ ակնարկում էին, որ իրենց միտումնավոր են հանել կառավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որը իրենք երբեք չեն անի։

Երկու օր շարունակ տևած բողոքի ակցիաները կազմակերպված, հրահրված լինելու փաստին երեկ շատ արագ արձագանքեց գործարանի սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նման բան պնդողներին անվանելով պրովոկատորներ և գործարանի հետ կապ չունեցողներ։ «Դա պրովոկացիա է։ 7-8 հոգի մարդ պրովոկացիա է կազմակերպել, թե իբր մենք իրենց ասել ենք՝ գնացեք, ճանապարհ փակեք։ Ես իմ աշխատողների ցավը տանեմ։ Ես իրանց ասել եմ՝ գնացեք տուն, դուրսը մի մնացեք, ես գալու եմ ձեզ հետ հանդիպեմ։ Թե չէ ասում են՝ մեզ ասել են՝ ճանապարհ փակեք և այլն, ով նման բան է ասել՝ պրովոկատոր է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր Ծառուկյանը։ Վերջինիս հայտարարությունները զայրացրել էին բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նրանք հիշել են բոլոր ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելը և հայտարարել, որ «ճնշելու» ժամանակները վերջացել են։ «Արդեն ճնշելը վերջացավ, թքեցիք դուք։ Դավայ, դոսվիդանիա կանենք դրանց։ Մարդ ես, բորբոքվում ես, մի բան էլ ավելի էիր ասում, գալիս հաշիվ էին պահանջում։ Դե հիմա եկեք ու հաշիվ տվեք։ Դուք կարում եք գաք, մատ թափ տաք, թե ինչի ես տենց ասել, մենք չենք կարա մի բան ասե՞նք։ Մենք ընդամենը ուզում ենք մեր աշխատատեղերը պահենք, թե չէ, ի՞նչ սադրիչ, սաբոտաժ, պրովոկացիա»,- երեկ պնդում էին աշխատակիցները՝ հավելելով, որ «իրենք Նառան չեն, որ սուս մնան»։

Ի դեպ, աշխատակիցները մեզ պատմեցին, որ առաջին օրվա բողոքի ակցիայից հետո ակտիվ խոսացողները խնդիրներ են ունեցել։ Նրանց մոտեցել և հաշիվ են պահանջել ուղղորդելու մասով տեղեկությունները բարձրաձայնելու համար։ Մեր զրուցակից աշխատակիցներից մեկը վերահաստատեց, որ մարդկանց միտումնավոր ու կազմակերպված են հանել փողոց, կոնկրետ հանձնարարականներ տվել, թե ինչ պետք է խոսեն, բողոքի սլաքները դեպի ում ուղղեն։ «Լրիվ ծաղրում են ժողովրդին։ Միտումնավոր աշխատանքից ազատման ծանուցագրերը բաժանել են ժողովրդին, որ 1200 աշխատողի թողնում են առանց աշխատանքի, որ ժողովուրդն էլ դուրս գա փողոց, պայքարի կառավարության դեմ։ Ժողովուրդն էլ դուրս ա եկել փողոց, բայց ոչ թե կառավարության, Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ Ծառուկյանի, ով ուզում էր բողոքը ուղղել կառավարության դեմ։ Ժողովուրդը հասկանում է, որ ստեղ կառավարությունը կապ չունի, ստեղ ամբողջ խնդիրը իրանց խաղերն ա ու չի ուզում մտնել դրա մեջ»,- մեզ հետ զրույցում պատմեց աշխատակիցը՝ հավելելով. «Կոնկրետ առաջին օրը մեզ ուղղորդում էին, որ մայրուղին փակեինք ու դեմ դուրս գայինք կառավարությանը, բայց մենք հասկացանք ու չգնացինք էդ ճանապարհով»։

Աշխատակիցը մեզ պատմեց, որ այդ ամենը կազմակերպում և ուղղորդում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի խորհրդական Ալինա Մախսուդյանը։ «Ալինա Սերգեևնան ապրիլի 15-ի ակցիայի օրը մինչև Սեդրակ Առուստամյանի գալը մոտեցավ ժողովրդին և սկսեց ահաբեկել՝ ասելով, որ եթե մեկս փորձի դեմ խոսա, ավելի բաներ ասի, իր հետ գործ կունենա։ Առուստամյանը այդ Ալինային հատուկ դրա համար է վերցրել որպես աշխատող, որ նման դեպքերում բոլորի բերանը փակի, սպառնա, ահաբեկի»,- պատմեց աշխատակիցը՝ հավելելով, որ երկու ամիս առաջ էլ Սեդրակ Առուստամյանը զենք է գնել Ալինա Սերգեևնայի համար, որից հետո վերջինս աշխատակիցներին ինչպես ցանկանում, այնպես ահաբեկում է։ «Կոնկրետ երեկ մոտեցավ աշխատողներին ասաց, որ Առուստամյանը գալիս է, ու մեկս չհամարձակվի ավելորդ հարց տա, ծպտուն հանի։ Աշխատողները բոլորն արդեն զզվել են այդ կնոջից։ Բայց այն, որ կոնկրետ Սեդրակ Առուստամյանն ա ուղղորդել վարչապետին դեմ դուրս գալ, դա միանշանակ ա ու կարան պնդեն բոլոր աշխատողները, ովքեր հասկացել են էս ներքին գզվռտոցները»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ժողովուրդը պարզ հասկացել է, արտահայտվում է, բայց թե հետո ինչ կլինի այդ արտահայտվողների հետ, միայն Աստված գիտի»։

Ուշագրավ է, որ ընդամենը ապրիլի 13-ին նույն Ալինա Սերգեևնան մի սրտաճմլիկ բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, որտեղ աղերսում էր վերջինիս գալ և լուծում տալ խնդրին։ «Հարգելի պարոն Ծառուկյան, դիմում եմ որպես «Արարատցեմենտ»-ի աշխատակից՝ ակնկալիքով, որ չեք մերժի և մեզ հետ միասին կգաք «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ», ու կփորձենք դուրս գալ այս ցավոտ իրավիճակից՝ մեզ սպասվում է աշխատանքից ազատում շուրջ 1150 հոգու։

Ընդամենը երեքից հինգ կիլոմետրանոց քաղաքի համար, որի բնակչության ապրուստի միջոցը «Արարատցեմենտ»-ն է, և եթե 1150 մարդ հայտնվի դրսում և անգործ՝ սա կլինի նոր չարիքի սկիզբ։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Համոզված եմ, որ կլինեն բողոքի ակցիաներ, կլինեն դժգոհություններ և ավելի բարդ իրավիճակ։

Հավատալով և վստահելով Ձեզ՝ խնդրում եմ հանդիպում Ձեր աշխատողների, այսինքն՝ մեր հետ հնարավորինս սեղմ ժամկետում։ Ես համոզված եմ, որ մենք մենակ չենք մեր խնդիրների և մեր հոգսերի հետ։

Փորձեցի պարոն Առուստամյանի միջոցով հարցին լուծում տալ՝ չստացվեց։ Հարգելի պարոն Ծառուկյան, այս հարցին պարոն Առուստամյանը նայում է բիզնեսմենի աչքերով, նրան չի հետաքրքրում սոցիալական ծանր վիճակը՝ քաղաքը վարկերի մեջ է։ Այս օրհասական ժամանակաշրջանում, երբ շատ բարդ իրավիճակ է և՛ երկրում, և՛ մարդկանց հոգիներում, մեզ՝ ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԻՍ, մի թողեք մենակ մեր ցավի հետ։ Արարատ քաղաքում յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում կա չարորակ կամ բարորակ ուռուցքով հիվանդ, և ամբողջ քաղաքը, նորից եմ շեշտում, վարկերի տակ է, ուստի այդ աշխատավարձը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, բայց առաջնայինը կա և մնում է մեր արժանապատվությունը՝ մենք պայքարող տեսակ ենք, ոչ մի բանվոր և ոչ մի ԱՐԱՐԱՏՑԻ անգործ չի մնալու, հուսով եմ՝ Դուք նույն կարծիքին էք։

Սիրով և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ մեր և Ձեր գործարանում՝ Արարատցեմենտում»,- գրված էր Ալինա Սերգեևնայի նամակում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Be the first to comment on "Ո՞վ է բեմադրել «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների գործադուլը, և ո՞վ է զինված Ալինա Սերգեևնան"

Leave a comment

Your email address will not be published.


*