Նազարբաևը տագնապ ունի. Սպասենք Քոչարյանին ուղղված Լուկաշենկոյի նամակին

Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը արդեն ամիսներ շարունակ կալանավորված է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նազարբաևի նամակի մասին տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Ղազախստանի նախկին նախագահը Քոչարյանին տեղեկացրել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ու նաև հույս հայտնել, որ կլինեն հետագա անձնական շփման առիթներ: Նամակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Քոչարյանն ու Նազարբաևը ծագումով սովետական նոմենկլատուրայից են և այդպիսով ընդհանուր շատ բան ունեն: «Սովետական միության ռեինտեգրացիայում համատեղ շատ աշխատանքներ են կատարել։ Ենթադրում եմ, որ Նազարբաևը տագնապ ունի, որ ինքն էլ կհայտնվի Ռոբերտ Քոչարյանի վիճակում, և արդեն հոգեբանական նախապատրաստական աշխատանքներ է տանում ինքն իր համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանն ընդգծեց՝ Նազարբաևը կռահում է իր հեռանկարը. «Այն, որ ինքն էլ է հայտնվելու ճաղերի հետևում։ Այնպես որ՝ սա համերաշխության, ընկերության, բախտով միասին լինելու նշաններ են։ Ես շատ ուրախ կլինեմ, որ Լուկաշենկոն էլ մի այդպիսի նամակ ուղարկի, հետո իհարկե՝ Պուտինը։ Նույնիսկ լավ կլինի, որ նրանք որևէ տեղ միասին հայտնվեն՝ խցակիցներ լինեն»։

Մեր զրուցակիցը նշում է՝ որքան էլ նախկինում անհավատալի թվար, բայց այժմ բանտում է Գյուլնարա Կարիմովը՝ Ուզբեկստանի նախկին բռնապետի դուստրը. «Հայրը մահացել է, բայց ինքը բանտում է։ Լուկաևը փախած է, Յանուկովիչը՝ ևս, Քադաֆին ու Սադամ Հուսեինը դժոխքում են։

Բռնապետների երթուղին և ուղեգիրը նույն ձեռագրով է գրվում։ Այնպես որ՝ երկրի վրա, բանտում, կախաղանում, այն աշխարհում էլ՝ դժոխքում, ճակատագրով կապված են»։

Ազատ Արշակյանը Նազարբաևի նամակը խորհրդանշական է համարում և հավելում. «Սպասենք Լուկաշենկոյի նամակին»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Նազարբաևի նամակն աջակցության նշան է: «Ընդ որում, ըստ իս՝ հեռու չենք լինի ճշմարտությունից, եթե ասենք, որ այդ աջակցությունը ոչ միայն Նազարբաևից է, այլև գործընկեր երկրի ղեկավարից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանն ընդգծեց՝ Քոչարյանի ու Նազարբաևի հարաբերությունները շատ ջերմ չեն եղել, բայցև թշնամություն էլ չի եղել. «Ուզում եմ ասել, որ այդ հարաբերությունները այնքան ջերմ չեն եղել, որ հենց հիմա հիշեր այդ մասին ու նամակ գրեր։ Սա դիվանագիտական բնույթի նամակ էր, որտեղ ակնհայտորեն կա երրորդ կողմի՝ Ռուսաստանի ներկայությունը»։

Մեր զրուցակիցը նշեց. «Պուտինի և Քոչարյանի անձնական հարաբերությունները ոչ ոքի համար էլ նորություն չէին, նրանք առանձնապես չեն էլ թաքցրել այդ մտերմությունը, Պուտինը երբեք առիթը բաց չի թողել տարբեր ակնարկների ու շնորհավորանքների տեսքով դա հայտնել։ Հիմա Նազարբաևը գոնե պաշտոնապես մեծ քաղաքականությունից հեռանում է, գուցե պաշտոնական մակարդակով իր նախկին բոլոր գործընկերներին հրաժեշտ է տալիս»։

Միևնույն ժամանակ Վիգեն Հակոբյանն ընդգծեց. «Ինձ շատ հետաքրքիր է՝ այս կոնտեքստում նա Սերժ Սարգսյանին նամակ ուղարկե՞լ է, թե՞ ոչ՝ որպես իր գործընկեր։ Նմանատիպ նամակներ ուղարկվե՞լ են այլ նախագահներին։ Սա կարող է լինել քաղաքական գործչի երախտիքի խոսք իր հին գործընկերներին։ Նա Սերժ Սարգսյանի հետ շատ երկար տարիներ գործընկերային հարաբերություններ է ունեցել, 2013-ից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ըստ էության ստացվում է, որ Սերժ Սարգսյանին առավել մտերիմ է, բայց արդյոք նման նամակ ուղարկվե՞լ է նաև Սարգսյանին»։

Be the first to comment on "Նազարբաևը տագնապ ունի. Սպասենք Քոչարյանին ուղղված Լուկաշենկոյի նամակին"

Leave a comment

Your email address will not be published.


*