Նիկոլ Փաշինյանը վերականգնում է հեղափոխության խորհրդանիշները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը ժամը 20.00-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: Այդ մասին տեղեկացրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, վարչապետը վերադառնում է քաղաքացիների հետ շփման այն ձևաչափին, որը հաստատվել էր դեռևս հեղափոխության օրերին։ Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շարունակեց այդ ձևաչափով ասուլիսները, որոնք հետագայում փոխարինվեցին լրագրողների հետ երկարատև մամուլի ասուլիսներով։

Եվ ուրեմն, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերադառնում նախկին ձևաչափին։ Պատասխանները կարող են լինել մի քանիսը, այդ թվում և այն, որ գուցե վարչապետը ինչ-ինչ վտանգներ է զգում հանրության շրջանում առկա վարկանիշի առումով և այն փորձում է վերականգնել ուղիղ կապի միջոցով։

Բայց ողջ խնդիրն այն է, թե ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին։ Ենթադրաբար նա պետք է պատմեր անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունների, կառավարության կատարած աշխատանքների, քայլերի մասին։ Բայց քայլեր, որպես այդպիսին, դեռևս չկան։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը չի կատարել արմատական բարեփոխումներ, տեղի չեն ունեցել այնպիսի շոշափելի փոփոխություններ, որոնք քաղաքացիները կզգային իրենց կյանքում։

Առավելագույնը, որ անում է իշխանությունը, տարբեր նախագծերի, ներդրումային ծրագրերի մասին խոստում-հայտարարություններն են։ Սակայն առարկայական քայլեր դեռևս չեն կատարվել։ Եվ ուրեմն ստացվում է, որ վերականգնելով քաղաքացիների հարցերին պատասխանելու ձևաչափը՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ներկայացնելու է խոսքի, խոստումների հերթական չափաբաժինը։ Որքանո՞վ դա արդյունավետ կլինի այսօր՝ հեղափոխությունից մեկ տարի անց, դժվար է ասել։

Սակայն անկհայտ է, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի գործիքակազմի այն միջոցներից է, որով նա փորձում է փոխհատուցել աշխատանքի բացակայությունը։

Ողջ խնդիրն այն է, թե դեռ որքան հասարակությունը կշարունակի կուրորեն հավատալ խոսքին՝ առանց դրա ապացուցման համար շոշափելի արդյունքներ պահանջելու։

Բացի հասարակության շրջանում վարկանիշի հնարավոր անկումը կանխելու մոտիվացիայից՝ ֆեյսբուքյան ասուլիսի վերականգնումն ունի մեկ այլ շերտ։ Այն ինչ-որ իմաստով հեղափոխության խորհրդանիշն է, որը Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերակենդանացնել։ Չմոռանանք, որ հաջորդ շաբաթ նշվելու է Քաղաքացու օրը, որի շրջանակներում էլ թերևս պետք է դիտարկել հեղափոխության սիմվոլների վերակենդանացումը։

Ընդհանրապես, հեղափոխությունը գործող իշխանության համար գերագույն արժեք է։ Արժեք, որը ինչպես մի առիթով հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը՝ ավելին է, քան Արցախյան պատերազմում տարած հաղթանակը։ Չի հայտարարվում, բայց, ըստ ամենայնի, հեղափոխականների համար հեղափոխությունն ավելի գերակա արժեք է, քան պետությունը։ Ու բացառված չէ, որ նրանցից շատերն առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ ոչ թե հեղափոխությունը պետք է ծառայի պետությանը, այլ հակառակը՝ պետությունը՝ հեղափոխությանը։

Այդ մտայնությամբ կարելի է բացատրել նաև լայն իմաստով գործի բացակայությունը իշխանության կողմից, որը փոխարինվում է խոսքով՝ հեղափոխական խոսքով։ Այնպես չէ, իհարկե, որ պետական կառավարման համակարգը չի աշխատում։ Ոչ։ Պարզապես այդ աշխատանքում գերակայում է նախկինի իներցիան, այն նվազագույնը, առանց որի պետական կառավարման համակարգը չի կարող գործել։ Ավելի բովանդակային, բարեփոխումներին ուղղված աշխատանք պետական կառավարման կողմից մենք առայժմ չենք տեսնում, և դժվար է ասել՝ կտեսնե՞նք առաջիկայում, թե՞ ոչ։

Որովհետև եթե հեղափոխականները հեղափոխությունը համարում են ամեն ինչից վեր արժեք, նշանակում է նրանք, իրենց գնահատմամբ, արել են ամենամեծ գործը՝ հեղափոխությունը, որին պետք է ծառայի ամեն ինչ, այդ թվում՝ պետությունը։

Հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգը պետք է հագեցած լիներ ներքին ու արտաքին բարեփոխումներին վերաբերող հարցերով, քննարկումներով, բանավեճերով։ Այդ օրակարգի ամենաառաջին գեներացնողը պետք է լիներ իշխանությունը, որը, սակայն, այս օրերին զբաղված է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմամբ։ Այսինքն՝ իշխանության համար դեռևս կարևոր է հեղափոխությունն ինքնին, մինչդեռ պետք է առաջնային լիներ հեղափոխության արժեքների կապիտալիզացիան, ինչը զգալի կլիներ նաև հասարակության համար։

https://www.1in.am/2541719.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը վերականգնում է հեղափոխության խորհրդանիշները"

Leave a comment

Your email address will not be published.


*