Հայաստանում բոլոր լեզուներն էլ ունեն լավ կարգավիճակ, իսկ պետական կարգավիճակ ունի եւ կարող է ունենալ միայն հայերենը:

Մենք կցանկանանք Հայաստանում ռուսերենի համար լավ կարգավիճակ, հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը, մասնակցելով դպրոցներից մեկում ռուսերենի դասարանի բացմանը, միաժամանակ ասելով, թե լրագրողների այդ հարցն ուղղված է Հայաստանի իշխանությանը:

Ինքնին այն, որ հայաստանցի լրագրողները ՌԴ դեսպանին ուղղում են Հայաստանում ռուսերենի որեւէ կարգավիճակի մասին հարց, արդեն հետաքրքիր է, որովհետեւ փաստացի կարող է ստացվել, որ այդպիսով ընդամենը հայաստանյան մամուլի միջոցով Ռուսաստանն է հարցն ուղղում Հայաստանի իշխանությանը:

Այլ կերպ ասած, Ռուսաստանը հայկական մեդիադաշտն օգտագործում է Հայաստանի իշխանությանը ռուսերենի կարգավիճակի վերաբերյալ դիվանագիտորեն քողարկված, «ոչ ուղիղ» հարց ուղղելու համար: Ըստ այդմ զարմանալի չի լինի, եթե դրան հաջորդի արդեն հայկական լրատվամիջոցների հարցը կառավարության որեւէ անդամի կամ պատգամավորի, թե Ռուսաստանի դեսպանը «լավ կարգավիճակ» է ուզում ռուսերենի համար՝ դու՞ք ինչ կասեք:

 

Իսկ ի՞նչ է պետք ասել այդ հարցում: Հայաստանում բոլոր լեզուներն էլ ունեն լավ կարգավիճակ, իսկ պետական կարգավիճակ ունի եւ կարող է ունենալ միայն հայերենը: Մնացյալ լեզուների ուսուցումը միանգամայն ազատ է, իսկ անհրաժեշտության դեպքում իհարկե կառավարությունը կարող է օժանդակել ավելի խորացված ուսուցմամբ հնարավորություններ ստեղծելուն, ընդ որում ոչ միայն ռուսերենին, այլ մի շարք օտար լեզուների:

Այն, որ այդ թվում կարեւոր է նաեւ ռուսերենը, անհերքելի է, բայց այն չի կարող ունենալ առանձնահատուկ կարգավիճակ:

Մոսկվան այդ հարցը նախկին տարիներին դնում էր շատ ավելի բաց եւ ուղիղ, իսկ մոսկովյան էմիսար Կիսելյովը նույնիսկ «մուննաթ» էր գալիս, որ հայաստանցի տաքսիստները չգիտեն ռուսերեն:

Հիմա իրավիճակը փոխվել է, ռիսկային է Հայաստանի առաջ ուղիղ ձեւով լեզվի կարգավիճակի հարց դնել, բայց դա օրինակ հնարավոր է անել հենց հայկական մեդիայի ձեռքով: Ընդհանրապես, Ռուսաստանից տարբեր տնտեսա-քաղաքական շրջանակներ հիմա շատ բան փորձում են անել հայկական մեդիայի ձեռքով, թավշյա հեղափոխությունը, միաժամանակ ՌԴ հանդեպ միջազգային մեկուսացման քաղաքականության հետեւանքով այդ երկրում ստեղծված բարդագույն վիճակը փակել են Հայաստանի նկատմամբ շատ բաներ ուղիղ անելու հնարավորությունները:
Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Միաժամանակ իհարկե մեծացրել են անհրաժեշտությունը, որովհետեւ Հայաստանը, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության եղած բնույթն ու մեխանիկան, դիտարկվում է նաեւ Ռուսաստանում վիճակի ինդիկատոր: Տվյալ դեպքում, ռուսաստանյան տնտեսա-քաղաքական մի շարք շերտերում Հայաստանի միջոցով փորձ է արվում հասկանալ՝ «իսկ ցարը իրակա՞ն» է, թե՞ արդեն չէ, կամ ի՞նչ է նա մտածում:

Այն, որ նա մի բան պետք է մտածի, բոլորն են համոզված, ի վերջո թե 2022 թվականն է մոտենում, թե նաեւ ՌԴ ներքին վիճակն է ծանրանում: Բոլորն են հասկանում, որ «մեծ զոհաբերությունը» դառնում է ավելի ու ավելի անխուսափելի: Հարցն այն է, թե ով ում՝ «ցա՞րը» իրենց, կամ իրենցից որեւէ մի շերտի, թե՞ իրենք «ցարին», կամ իրենցից որեւէ մի շերտ՝ նախ ցարին, հետո մյուսներին:

Հույժ կարեւոր է դառնում պահը բաց չթողնելը, չուշանալը: Հայաստանն ինդիկատոր է, սկսած ընդհանրապես ապրիլյան քառօրյայից հետո, եւ հատկապես թավշյա անարյուն հեղափոխությունն անց: Երբ սիմոնյաները, քեոսայանները, սոլովյովներն ու կիսելյովները ակնարկում են «գունավոր հեղափոխության» մասին, նրանք «ցարին» են ստուգում, հասկանալու համար՝ ժամանա՞կն է, թե՞ ոչ: «Ցարն» էլ չի «մատնում» իրեն, առայժմ, ի վերջո լավ գիտե, թե ինչպես են բոլորը մի անգամ արդեն հանձնել մի «ցարի», վայրկյան իսկ չեն վարանի երկրորդի դեպքում, հենց զգան պահը: Այդ պահը տեւական ժամանակ շոշափում են նաեւ Հայաստանում:

Այդ իմաստով Հայաստանը չպետք է շեղվի իր խնդիրներից եւ ինքնիշխանության ուղենիշերից, որ սահմանել է թավշյա հեղափոխությունից հետո:

https://www.lragir.am/2019/03/15/425954/

Be the first to comment on "Հայաստանում բոլոր լեզուներն էլ ունեն լավ կարգավիճակ, իսկ պետական կարգավիճակ ունի եւ կարող է ունենալ միայն հայերենը:"

Leave a comment

Your email address will not be published.


*