Բանակը կտրուկ փոխեց իրավիճակը. ՆԱՏՕ-ն Երեւանում արձանագրում է այն

Ամուր Հայաստանը համապատասխանում է ՆԱՏՕ շահին, Երեւանում ՆԱՏՕ շաբաթվա ընթացքում պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող բարեվարքության թեմայով համաժողովում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի Կովկասում կապի գրասենյակի տնօրեն Ռոզալիա Պուգլիսը:

Ավելի վաղ, ՆԱՏՕ շաբաթվա շրջանակում Հայաստան ժամանած դաշինքի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստակամ է հետեւողականորեն շարունակել գործակցությունը Հայաստանի հետ:

Ինչ է նշանակում ամուր Հայաստան: Այդ հասկացությունն անշուշտ բավականին լայն է եւ ընդգրկուն, բայց ինքնին հայտարարությունը հատկանշական է մասնավորապես այս օրերին, երբ Հայաստանը շրջադարձային քայլեր է կատարում հայկական ամրության առանցքային հարցում՝ Արցախի հարցում:

Հայաստանը դե ֆակտո հայտարարում է մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու, կամ պարզապես Ադրբեջանի հետ «տարածք որեւէ բանի դիմաց» տրամաբանությամբ բանակցելու «ժառանգությունից»: Ընդ որում, այստեղ շատերը դիտարկում են «զգայական մաքսիմալիզմ», մինչդեռ հայկական նոր դիրքորոշումը այլ բան չէ, քան պետական, ազգային, նաեւ ռեգիոնալ եւ ընդհուպ աշխարհքաղաքական անվտանգության ռացիոնալիզմ:

Հայաստանը մարտի 12-ին Ստեփանակերտից ուղերձ հղեց համաշխարհային անվտանգության ուժային կենտրոններին, հայտնելով նրանց հետ իրավիճակի կառավարման նոր սկզբունքների շուրջ բանակցելու պատրաստակամության մասին: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Երեւանում ՆԱՏՕ-Հայաստան գործակցության քննարկումների ֆոնին, որտեղ հնչում են նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյաների հայտարարությունները այդ գործակցության հեռանկարի, ամուր Հայաստանի եւ դրա՝ ՆԱՏՕ շահերին համապատասխանության մասին:

ՀԱՊԿ անդամ Հայաստանը, որը թվում է թե գտնվում է ՆԱՏՕ հակադիր ճամբարում, գործնականում շատ ավելի արժեքավոր ռազմա-քաղաքական գործընկեր է դաշինքի համար, քան դրա որոշ անդամներ, եւ այդ թվում ոչ միայն Թուրքիան: Հայաստանը բացառիկ օժանդակություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ին մի ռեգիոնում, որտեղ դաշինքի անմիջական ներգրավվածությունը բավական սահմանափակ է, բայց որը միաժամանակ առանցքային է որպես եվրատլանտյան անվտանգության համակարգի շեմ:

Հայաստանը անվանապես գտնվում է այլ ռազմա-քաղաքական դաշինքում, սակայն ռազմա-քաղաքական իրական տրամաբանության ռեժիմում հայկական պետականությունը գործնականում Կովկասում ապահովում է միջազգային անվտանգության համակարգի այն տրամաբանությունը, որի լոկոմոտիվն է Հյուսիսատլանտյան դաշինքը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն կարեւոր է համարում ամուր Հայաստանը, չշեշտադրվելով Հայաստանի ռազմա-քաղաքական անվանական տեղորոշման վրա եւ ավելին, համարելով, որ դա խնդիր չէ: Ընդ որում, իրավիճակն այստեղ առանձնահատուկ է նրանով, որ Հայաստանը Կովկասում ապահովելով դաշինքի անվտանգության տրամաբանությանը համահունչ ռեժիմի արդյունավետ պարեկությունը, իր հերթին կարողանում է համադրելի դարձնել իրարամերժության տարբեր աստիճաններով փաստացի երեք բեւեռների շահերը՝ Արեւմուտք, Ռուսաստան, Իրան:

Գործնականում, Հայաստանը Կովկասի հարցում այդ բեւեռների լռելյայն կոնսենսուսն է, որի բացակայությունը անշուշտ բոլորի համար բերելու է հավելյալ լրջագույն խնդիրների, եւ Հայաստանի ամրությունը, այդ տեսանկյունից, այդ կոնսենսուսի ամրությունն է: Իսկ դրա «ցեմենտը» կարող է լինել ինքնիշխանությունը, որի երերումը ռեգիոնը կանգնեցնում է լրջագույն ռիսկերի առաջ, ինչին գործնականում բոլոը բախվեցին 2013-16 թվականների ընթացքում, թեեւ ոմանց՝ մասնավորապես Մոսկվային  թվում էր, թե այդ միջոցով կարող է առավելության հասնել միաժամանակ թե Արեւմուտքի, թե Իրանի նկատմամբ:

2016-ի ապրիլին հայկական բանակը կտրուկ փոխեց իրավիճակի տրամաբանությունը, որի քաղաքական փոփոխությունը փոքր ինչ ուշացավ՝ տեղի ունենալով երկու տարի անց:

https://www.lragir.am/2019/03/14/425533/

Be the first to comment on "Բանակը կտրուկ փոխեց իրավիճակը. ՆԱՏՕ-ն Երեւանում արձանագրում է այն"

Leave a comment

Your email address will not be published.


*