Ադրբեջանում իրավիճակը մոտենում է վտանգավոր գծին

Ադրբեջանում իրավիճակը, ըստ ամենայնի, մոտենում է վտանգավոր գծին: Մի շարք նշաններ կան, որ Իլհամ Ալիեւը ծուղակում է, եւ դա ստիպում է նրան նախկինում անհավատալի թվացող քայլեր անել՝ բարձրացնել թոշակները, ներել բանկային պարտքերը, փող հատկացնել փախստականներին եւ պատերազմում զոհվածների ընտանիքներին:

Ալիեւը փորձում է ստանալ հանրության աջակցությունը, եթե հանկարծ երկրում անկարգություններ սկսվեն: Իսկ այն, որ անկարգությունները սարերի հետեւում չեն, արդեն բացահայտ խոսվում է: Ընդ որում, առանձնահատուկ նշվում են Ադրբեջանի անվտանգության համար սպառնալիքների արտաքին աղբյուրները:
Այսօր, օրինակ, ադրբեջանական լրատվամիջոցները գրել են Ադրբեջանի ազգային ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի, որը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում, եւ Ադրբեջաների շիաների առաջնորդ Հաջի Տալեհի դաշինքի մասին: Հիշեցնենք, որ Ադրբեջանում շիաների թիկունքում տեսնում են Իրանին, որը, ըստ Բաքվի վերլուծաբանների, մտադիր է վերածնել կայսրությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են Ադրբեջանի հանդեպ Իրանի իշխանությունների անհարգալից վերաբերմունքի մասին, որը Ադրբեջանը համարում է իր կայսրության մաս:

Վերջերս Իրանը նշել է իսլամական հեղափոխության 40-ամյակը, եւ հանրահավաքին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ «վերջին 205 տարիներին դավաճանների՝ Ղաջարական շահերի կառավարման տարիներին, երկրից անջատվել է Իրանի հողերի մեծ մասը, որոնք երկրի հյուսիսում ու Կովկասում են: 191 տարի առաջ մայր հայրենիքից անջատել են Իրանի եւս մեկ կտոր»: Խոսքը Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի մասին է:

Բաքվում պնդում են, որ Ռուսաստանը եւս փոխել է Ադրբեջանի հանդեպ դիրքորոշումը: Մասնավորապես, օրերս Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել գնահատել ռիսկերը նախքան Ադրբեջան այցելելը: Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է իր քաղաքացիների հանդեպ խտրականություն դրսեւորելու մեջ:

Բացի այդ, Ռուսաստանում ծագումով թաթ ադրբեջանցի միլիարդատիրոջ ձեռնարկություններում ռեյդեր են իրականացվում, որը Բաքվում հակաադրբեջանական քայլ են անվանում: Ռուսաստանի իրավապահ մարմինները ռեյդեր են անցկացնում «Մոսկվա», «Սադովոդ», «Ֆուդ Սիթի» շուկաներում, որտեղ աշխատում են ադրբեջանցիներ: Ռեյդերի ժամանակ տասնյակ միգրանտներ են ձերբակալվել: Ռուսական «Նովայա Գազետա» թերթը կարողացել է պարզել, որ ռեյդերի պատճառը կրիպտոարժույթներով անօրինական գործարքներն են, որոնց միջոցով հարյուր միլիարդավոր ռուբլիներ են դուրս բերվել:

Մի կարեւոր պահ էլ կա. չեչենների ու ադրբեջանցիների հարաբերությունների վատթարացումը: Վերջին օրերին գրեթե ամեն օր տեղեկություններ են շրջանառվում, որ չեչենները ծեծում են ադրբեջանցիներին: Այդ հարաբերությունները սրվել են, երբ ադրբեջանցիները նվաստացրել են մի չեչենի, որը հետո պատմել է յուրայիններին, եւ վերջիններս որոշել են պատժել ադրբեջանցիներին: Կռիվներից մեկի ժամանակ ադրբեջանցի է սպանվել: Հարաբերությունները փորձել են կարգավորել բարձր մակարդակով, բայց Կադիրովը, ըստ երեւույթին, փոխել է ադրբեջանցիների հանդեպ վերաբերմունքը, եւ դա նույնպես ներկայացվում է որպես Ռուսաստանի հակաադրբեջանական քաղաքականություն:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Չի բացառվում, որ Ալիեւը պատրաստում է արտաքին «սպառնալիքներ» Ղարաբաղի շուրջ բանակցությունների հարցով ցույցերի ճնշման համար: Բանն այն է, որ ղարաբաղյան գործընթացը Ադրբեջանի համար հասել է ճշմարտության պահի. հայկական կողմը ուղիղ հարց է դնում` Ադրբեջանը պատրա՞ստ է քննարկել Արցախի ինքնորոշումն ու անկախ կարգավիճակը: Հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը Ալիեւին ծուղակն է գցել, նա կամ պետք է ասի իր ժողովրդին, որ պատրաստ է ճանաչելու Արցախի անկախությունը, որը հղի է ցույցերով եւ իշխանության կորստով կամ էլ հայտարարի, որ դուրս է գալիս բանակցություններից ու պատերազմ է սկսում, ինչը հղի է Ադրբեջանի համար նոր տարածքային կորուստներով: Թե մեկ, թե մյուս ճանապարհն Ադրբեջանում արդեն անցել են:

Այս իրավիճակում Ալիեւը կարող է ներքին անկարգություններ հրահրել՝ մեղքը բարդելով արտաքին ուժերի վրա, որ ժամանակ շահի ու ինչ-որ ժամանակով էլ սառեցնի բանակցային գործընթացը: Իրանն ու Ռուսաստանը կարող են «մեղավոր» դառնալ:

https://www.lragir.am/2019/03/14/425727/

Be the first to comment on "Ադրբեջանում իրավիճակը մոտենում է վտանգավոր գծին"

Leave a comment

Your email address will not be published.


*