Սահմռկեցուցիչ դեպք Գյումրիում. չորս տարի անց

The funeral of six innocent victims killed by the Russian soldier in Gyumri
Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

2015 թվականի հունվարի 12-ին տոնական օրերից աշխատանքային ռիթմի վերադարձող հանրությունը ենթարկվեց շոկի՝ Գյումրիից ստացվեց սահմռկեցուցիչ տեղեկությունն Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության մասին: Ըստ տեղեկության, դեպքը տեղի էր ունեցել լուսադեմին եւ դրա համար կասկածվում էր Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը: Գործնականում մի ամբողջ օր նրան էին որոնում, ընդ որում հատկանշական է, որ ոչ միայն հայ իրավապահները, այլ հենց նաեւ ռուսական ռազմակայանի ծառայողներ՝ զենքով, Գյումրիում, ինչի իրավունքը թերեւս չունեին:

Մյուս անիրավությունը առջեւում էր: Ավելի ուշ տարածվեց տեղեկություն, որ Պերմյակովը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Նրան ձերբակալել էր ՌԴ սահմանապահ ծառայությունը, որն ըստ պայմանագրի 1992 թվականից մինչ այժմ պահպանում է հայ-թուրքական սահմանը:

Դարձյալ ըստ այդ հարցի իրավապայմանագրային բազայի, եթե ռուս սահմանապահները հայտնաբերում են սահմանախախտի, ապա նրան պետք է փոխանցեն Հայաստանի իրավապահներին:

Ռուս սահմանապահները սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալել էին Պերմյակովին, սակայն գործել արդեն ոչ ըստ պայմանագրի եւ նրան փոխանցել ոչ թե Հայաստանի իրավապահներին, ԱԱԾ-ին, այլ հանձնել ռուսական ռազմակայանին: Այն, որ տեղի էր ունեցել պայմանագրի խախտում, հրապարակավ ընդունել էր նաեւ այդ ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Պերմյակովն այդպիսով հայտնվեց ռուսական կողմի տնօրինության ներքո, ինչից հետո էլ ՌԴ-ն հղում անելով իր Սահմանադրությանը հայտարարեց, թե չունի իր քաղաքացուն այլ երկրի իրավապահներին արտահանձնելու իրավունք:

Այդ հանգամանքը բերեց իրավիճակի գերլարման: Գյումրիում տեղի ունեցան բողոքի զանգվածային ակցիաներ, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանի քաղաքացիների՝ մի ամբողջ ընտանիք գնդակահարելու համար կասկածվող, մեղադրվող Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին լիարժեք քննության համար: Այդուհանդերձ, ակցիաները չտվեցին արդյունք՝ Պերմյակովը մնաց ռազմակայանի հովանու ներքո, նրա դատավարությունն էլ կազմակերպվեց այնտեղ, խիստ անհարմար պայմաններում, այդ թվում լուսաբանող լրագրողների հետ: Ընդհանրապես, Պերմյակովի գործի քննությունը Հայաստանի հանրության համար մնաց մի շարք հարցերով անպատասխան, ու թեեւ նրանց դատապարտեցին զմահ ազատազրկման, այդ հարցերը շարունակում են մնալ:

Միաժամանակ բացառել պետք չէ, որ այդ գործընթացներին զուգահեռ, ավելի խորքում լուծվեցին մի շարք այլ հարցեր, այդ թվում հայ-ռուսական հարաբերության տիրույթը ներառող: Համենայն դեպս, թեեւ Գյումրիի զանգվածային ակցիաները Պերմյակովի արտահանձնմանը չնպաստեցին, այդուհանդերձ դրանք ավելի խորքային առումով չէին կարող ազդեցություն չթողնել Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ընկալումների վրա:

Ի վերջո դրանով էր նաեւ պայմանավորված, որ նույն թվականի ամռանն էլեկտրաէներգիայի թանկացման առիթով Բաղրամյան փողոցի իրադարձությունները, որ թվում է թե բացառապես ներքին սոցիալական խնդիր էին, Մոսկվան անմիջապես հռչակեց «մայդան»:

Գյումրիի ակցիաները կոտրեցին այն գործընթացի «մեջքը», որ սկսվել էր 2013 թվականի սեպտեմբերի 3-ի պայմանական կետից եւ որը միանգամայն բնորոշելի էր որպես Հայաստանի պետական սուբյեկտության եւ միջազգային վարկի չեզոքացման գործընթաց, հայկական պետականության ռազմավարական շահերի հաշվին ռուս-թուրքական ռեգիոնալ պայմանավորվածությունները վերականգնելու ձգտումով, որոնք էլ իրենց հերթին խախտվել էին Արցախի հարցում հայերի հաստատած ստատուս-քվոյի շնորհիվ:

2013-ից ինտենսիվացել էր այդ ստատուս-քվոն փոխելու եւ ամբողջությամբ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի տիրույթ վերադարձնելու ռուս-թուրքական երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ Ռուսաստանի ենթաերկխոսությամբ:

Հայաստանի քաղաքական այսպես ասած միտքը այդ գործընթացում ավելի լուրջ ասելիք չգտավ, քան այն, որ Հայաստանում այդ զարգացումներին ընդդիմացողները «20-30» մարգինալներ են:

Գյումրում Պերմյակովի ոճրագործությունից հետո տեղի ունեցած ակցիաները ցույց տվեցին, որ մարգինալը ժամանակի այսպես ասած հայկական քաղաքական միտքն էր: Քաղաքական մտքի այդ մարգինալությունը ի վերջո առավել աղաղակող ձեւով բացահայտվեց արդեն 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ընթացքում, երբ քաղաքական մտքի բացակայության կամ մարգինալության հետեւանքով հասունացած աղետը կանխեցին բանակն ու անկախ քաղաքական հայացքից նրա կողքին կանգնած հանրությունը:

Ինչ էր Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքը 2013-ից 2016-ի շղթայում: Այդ հարցի պատասխան կա՞, կա՞ն տեղեկություններ, որոնք հանրությանը հայտնի կդառնան ավելի ուշ, թե՞ այդ դեպքը ողբերգական մի իրադարձություն էր, որը շղթայի մաս չէր, սակայն ունեցավ ազդեցություն այդ շղթայի վրա:

Հ.Գ. խաղաղություն Ավետիսյանների հոգիներին

https://www.lragir.am/2019/01/12/408860/

Be the first to comment on "Սահմռկեցուցիչ դեպք Գյումրիում. չորս տարի անց"

Leave a comment

Your email address will not be published.


*