Պայթյունից խուսափելու իշխանության միակ ճանապարհը

Հայաստանի ու Երևանի փողոցներում բողոքի տարերային ակցիաները սովորական, ամենօրյա բնույթ են ստացել։ Գրեթե առանց բացառության ամեն օր ամենատարբեր հարցերով բողոքի ակցիաներ, պիկետներ են կազմակերպվում, հաճախ փողոցներ ու մայրուղիներ են փակվում։

Երկու օր է՝ այդ ամենը խտացված կերպով արտահայտվում է Ազատության հրապարակում, որտեղ սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները թույլ չեն տալիս Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին ապամոնտաժել մի քանի սրճարաններ՝ Օպերայի շրջակա տարածքը կանաչապատելու նպատակով։

Բողոքի շարունակվող ու չդադարող ակցիաների ամենապարզ բացատրությունն այն է, որ, ի դեմս թավշյա հեղափոխության, քաղաքացիները զգացել են փողոցային ընդվզման միջոցով խնդիրներ լուծելու համը և ցանկացած հարմար առիթի դեպքում դիմում են նմանատիպ քայլերի։ Բայց դա երևույթի մակերեսային բացատրություն է։ Խնդիրն ունի ավելի խորքային շերտ, որը չի արտահայտվում այսօր, բայց կարող է արտահայտվել ամենամոտ ապագայում։ Խոսքը սոցիալական ընդվզման, սոցիալական բունտի մասին է, որը կարող է ծավալվել տեղային ու տարերային բողոքի ակցիաների արդյունքում։

Ընդհանրապես, անցնող ավելի քան երեք տասնամյակում Հայաստանում սոցիալական բունտի հավանականությունը համարվել է գրեթե զրոյական։ Շատ են հնչել գնահատականներ, որ սոցիալական ընդվզումը մեր հասարակությանը հարիր չէ, որ Հայաստանի քաղաքացիները պայքարելու փոխարեն նախընտրում են արտագաղթը և այլն։ Այո, դա այդպես է եղել անցած գրեթե երեսուն տարիների ընթացքում։ Բայց սոցիալական բունտի բացառումն ունեցել է նաև այլ պատճառներ։ 1990-ականների կեսերից հետո Հայաստանում ձևավորված որևէ իշխանություն չի ունեցել լեգիտիմություն ու հանրային վստահություն։ Չվստահելով իշխանությանը՝ հասարակությունը նրանից գրեթե սպասելիքներ չի ունեցել և վատ կյանքը, վատ կենսամակարդակը համարել է պատիժ, որը լռելյայն կրել է։

Իշխանություններից սպասելիքներ չունենալու յուրահատուկ արտահայտություն էր նաև ընտրակաշառքը, որը հասարակության զգալի մասը վերցնում էր՝ որպես իշխանությունից գոնե ինչ-որ բան ստանալու դրսևորում։ Հիմա իրավիճակը միանգամայն այլ է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, ինչը նշանակում է, որ այդ մեծամասնությունն իշխանությունից ունի բավական մեծ սպասելիքներ։

Հեղափոխության էյֆորիան այդ սպասելիքները բազմապատկել է անգամներով, և իրականում հասարակությունն իշխանությունից ունի ոչ թե սովորական, այլ չարդարացված մեծ սպասելիքներ։ Այն դեպքում, երբ իշխանությունը գոնե առայժմ այդ սպասելիքները բավարարելու ազդակներ չի հղել։ Բացի սուբյեկտիվ պատճառներից, այդ հարցում առկա են նաև օբյեկտիվ սահմանափակումներ։ Հասարակության գերագնահատված սպասելիքները բավարարելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ է փող, շատ փող։ Այդ փողը Հայաստանն առայժմ չունի, քանի որ դեռևս չեն իրականացել խոշոր ներդրումային ծրագրեր և միջազգային աջակցության նախագծեր։

Այս պայմաններում ամեն օրվա հետ ավելանում է հասարակության ֆրուստրացիայի՝ հիասթափության չափաբաժինը, ինչը մարդկանց մղում է փողոց բողոքելու ամենատարբեր խնդիրների համար։ Այդ ակցիաները, կրկնում ենք, առայժմ տարերային, տեղային բնույթ ունեն, սակայն անհրաժեշտ պահին՝ համապատասխան համակարգման ու աշխատանքի դեպքում կարող են ծավալուն և ընդգրկուն տեսք ստանալ։ Հատկապես որ դրանում շահագրգիռ ուժերի ու գործիչների պակաս չկա։

Ակնհայտ է, որ բողոքի բոլոր ակցիաները առաջին հերթին բխում են նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ու քոչարյանամերձ շրջանակների շահերից։ Ամենևին պատահական չեն ժամանակ առ ժամանակ ստացվող այն տեղեկությունները, որ քոչարյանականները փորձում են մարդկանց ուղղորդել այս կամ այն բողոքի ակցիային մասնակցելու համար։ Ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ ՀՀԿ-ն ունեն ավելի քան բավարար ֆինանսական ռեսուրսներ բողոքի ակցիաները համակարգելու ու մարդաշատ դարձնելու, իսկ անհրաժեշտ պահին դրանց սոցիալական բունտի տեսք տալու համար։

Սա իշխանության համար բավական իրական վտանգ է, որին դիմագրավելու գործնական միջոցներ իշխանությունը չունի, քանի որ չի կարող վերահսկել այդ ուժերի ֆինանսական հոսքերը։ Այս վտանգը չեզոքացնելու ու նախկին համակարգին մարդկանց խնդիրների հաշվին ռեաբիլիտացվելու շանսից զրկելու համար իշխանությունն ընդամենը մեկ ճանապարհ ունի՝ արդյունավետ աշխատանք և խնդիրների ոչ թե տեղային, այլ համակարգային, ռազմավարական լուծումներ։ Միայն արդյունավետ աշխատանքի, հասարակության սպասելիքները քայլ առ քայլ բավարարելու դեպքում իշխանությունը կարող է չեզոքացնել սոցիալական բունտի ու դրանից նախկինների օգտվելու հնարավորությունները։ Ժամանակն այդ առումով աշխատում է նախկինների օգտին։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Լուսանկարը՝ Photolure-ի

https://www.1in.am/2523945.html

Be the first to comment on "Պայթյունից խուսափելու իշխանության միակ ճանապարհը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ