Ինչ կհակադրի «Գազպրոմ»-ին Փաշինյանը Թեհրանում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ մոտ ապագայում կավարտվի Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ Վրաստանի կառավարության և «Գազպրոմ»-ի բանակցությունը: Նա նշել է, որ Վրաստանը աշխատում է իր շահն առավել ամրապնդելու ուղղությամբ: Ինչ է դա նշանակում, հնարավոր է հասկանալ միայն բանակցային մանրամասներին տիրապետելու դեպքում, որոնք գոնե առայժմ փակ են: Մյուս կողմից էլ բնական է, որ ցանկացած կողմ գնալով բանակցության, բնականաբար ձգտում է կամ նպատակադրում հասնել իր համար առավելագույնին: Հաջողվում է, կամ ինչքան է հաջողվում, ինչքանը՝ ոչ, այլ հարց է:

Մի բան աներկբա է, որ Վրաստանի և «Գազպրոմ»-ի բանակցությունը էական նշանակություն է ունենալու Հայաստանում գազի գնի հարցում, որի վերաբերյալ էլ Հայաստանի կառավարությունն է բանակցում «Գազպրոմ»-ի հետ: Հայտնի է, որ սահմանին «Գազպրոմ»-ը գինն արդեն թանկացրել է մոտ 15 տոկոսով, 150 դոլարը դարձնելով 165, սակայն սահմանից ներս գազի գնի փոփոխություն չի եղել և վարչապետ Փաշինյանն էլ հայտարարել է, որ 2019-ին այդ գինը, որ վճարում է սպառողը՝ չի փոխվի: Բայց, սպառողին արդեն հետաքրքրում է, թե ինչ կլինի 2020-ի համար: Այստեղ է ներկայումս ինտրիգը, որը գործնականում կազմում է Հայաստան-Գազպրոմ բանակցության առանցքը, և որում էական նշանակություն կունենա Վրաստան-Գազպրոմ բանակցության արդյունքը:

Եթե Գազպրոմին հաջողվի տարանցիկ նպաստավոր պայման ստանալ, ապա դրանով Հայաստանի գնի հարցում ճնշումը կթուլանա և Հայաստանի կառավարության համար առավել մեծ կլինի Գազպրոմի հետ գնի անփոփոխության հարցում պայմանավորվածության հասնելը: Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը նշում է, որ գազի գինը առնվազն չթանկացնելու համար կա «Գազպրոմ-Արմենիա»-ի օպտիմալացման տեղ: Տեղ կթողնի՞ Վրաստանը, Գազպրոմի հետ բանակցությամբ, թե՞ ոչ:

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ հենց Վրաստանի վարչապետի հետ: Միևնույն ժամանակ այստեղ կա մեկ այլ, կարևոր հանգամանք՝ Հայաստան-Իրան ուղղությունը: Արդյո՞ք առաջիկա օրերին Իրան կատարելիք այցի ընթացքում Հայաստանի վարչապետն իրանական կողմի հետ կքննարկի Հայաստանին մրցունակ գնով գազ մատակարարելու հարցը, այն դեպքի համար, երբ 2020 թվականի գնի հարցում հնարավոր չլինի գալ Գազպրոմի հետ պայմանավորվածության:

Հայաստան-Իրան գազամուղը լիովին ի զորու է ապահովել Հայաստանի պահանջարկը, սակայն նախկին իշխանությունը մշտապես նշել է, որ Իրանը չի առաջարկում ավելի էժան գազ:

Մինչդեռ, իրանցի դիվանագետներն էլ պարբերաբար ակնարկել են, որ պատրաստ են քննարկել այդ հարցը: Հայաստանի նախկին իշխանությունը մինչև վերջ նշում էր, որ Իրանից չեն ստացել կոնկրետ առաջարկ: Սակայն անպատասխան էր մնում հարցը՝ իսկ փորձե՞լ են իրենք նախաձեռնել քննարկում: Կփորձի՞ Նիկոլ Փաշինյանն Իրանում նախաձեռնել այդ քննարկումը, առնվազն որպես հայկական կողմի խաղաքարտ Գազպրոմի հետ բանակցությանը: Իր հերթին սակայն հարց է, թե արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանին այդ հարցում: Մյուս կողմից սակայն Թեհրանին այստեղ թերևս արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Երևանն իրեն բավականին արժանապատիվ է պահել Իրանի հետ հարաբերության առումով ԱՄՆ հարցադրումների նկատմամբ, ինչը պետք է լինի Թեհրանի համար վստահության ցուցիչ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://www.1in.am/2508502.html

Be the first to comment on "Ինչ կհակադրի «Գազպրոմ»-ին Փաշինյանը Թեհրանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ