Լուկաշենկոն փոխհատուցում է Հայաստանին. Մինսկի դեմարշը

Բելառուսը վերացրել է իր տարածքում ԱՄՆ դիվանագետների թվաքանակի սահմանափակման մասին որոշումը: Այդ մասին տեղեկությունը հրապարակել է հեղինակավոր Foreign Policy պարբերականը` հղում անելով Պետքարտուղարության աղբյուրին: Ըստ տեղեկության, սահմանափակման վերացման մասին ամերիկյան կողմին տեղեկացրել է Բելառուսի արտգործնախարարը:

Մինսկի քայլը հնարավոր է դիտարկել իբրեւ դեմարշ Ռուսաստանի հասցեին, նկատի ունենալով այն, որ Բելառուսի նախագահի մոտ կարծես թե հերթական սրացումն է ՌԴ հետ հարաբերության հարցում: Նախագահ Լուկաշենկոն նախօրեին կոշտ արտահայտություններ էր արել Ռուսաստան-Բելառուս միության առնչությամբ, հայտարարելով, որ Բելառուսի անկախությունը անբեկանելի է եւ չի կարող լինել միասնական պետություն:

Մինսկը վերջին շրջանում հաճախ է անդրադառնում այդ թեմային, թեեւ պաշտոնական Մոսկվան առնվազն Կրեմլի խոսնակ Պեսկովի շուրթերով հայտարարել է, որ օրակարգում չկա միասնական պետության հարց: Այդուհանդերձ, Լուկաշենկոյի խոսքերից կա տպավորություն, թե նա այդ հարցում դիմադրում է Մոսկվայից եկող ճնշման կամ պահանջների: Հնարավոր է, որ նա փորձում է կանխարգելել այդպիսի հնարավոր ճնշումը, աղմուկ բարձրացնելով ժամանակից առաջ:

Մինսկը ներկայումս Մոսկվայի հետ նավթագազային թեժ քննարկումների մեջ է՝ գազի գնի էժանացման, նավթի վաճառքի մաքսատուրքից գոյացող եկամուտների բաշխման, ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման հարցերում: Հնարավոր է, որ ի պատասխան դրա Մոսկվան ոչ հրապարակայնորեն, բայց շոշափում է միասնական պետության թեման, այդ գնով համաձայնելով ընդառաջել Լուկաշենկոյին:

Միաժամանակ, փորձագիտական շրջանակում դիտարկվում է տարբերակ, ըստ որի միասնական պետության սցենարը ՌԴ նախագահ Պուտինի համար դիտարկելի կարող է լինել իբրեւ «երրորդ ժամկետի» առաջադրման իրավական հիմք: Պուտինը սպառում է երկրորդ նախագահության երկրորդ ժամկետը, ըստ Սահմանադրության նա չունի նոր առաջադրման իրավունք: Մյուս կողմից նրա համար բավականին բարդ է լուծել իշխանության ժառանգորդի խնդիրը, առնվազն նույն տարբերակով, ինչն արեց 2008-ին: Հետեւաբար, նա կարող է դիտարկել մնալու տարբերակը, եւ որպես դրա միջոց՝ Բելառուսի հետ միասնական պետության ստեղծումը՝ նոր պետություն, նոր ժամկետ տրամաբանությամբ:

Իհարկե դա գուցե առայժմ շատ երեւակայական, հիպոթետիկ տարբերակ է, սակայն հատկանշական է հնչում Լուկաշենկոյի հաճախակիացած հայտարարությունների ֆոնին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Պետք չէ բացառել նաեւ այն, որ Լուկաշենկոն թեման թեժացնում է ներքին սպառման համար, իրեն Բելառուսի անկախության միակ պատվար ներկայացնելու համար: Հնարավոր է, որ «բատկան» ունի մտահոգություն, որ Ռուսաստանը կարող է «հակագրոհել» այսպես ասած ներսից:

Բելառուսի եւ Ռուսաստանի փոխհարաբերության թեժացումը նորություն չէ, այն վաղուց է կրում պարբերական բնույթ, Լուկաշենկոն այդ մեթոդը կիրառում է վաղուց եւ այդ իմաստով ականատես ենք հերթականին:

Հարցն այն է, որ դա լոկ ռուս-բելառուսական խնդիր չէ, մի շարք պատճառներով, եւ այդ ուղեծրում է նաեւ Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող իրողությունների եւ հնարավորությունների լայն շրջանակ: Հատկապես այժմ, երբ օրակարգում է թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության նոր կանոնների եւ բնույթի անցնելու հարցն ու մեկնարկել է այդ բարդ եւ բազմաշերտ գործընթացը:

Միաժամանակ պետք է արձանագրել նաեւ, որ հայ-ռուսական այդ գործընթացն էլ իր հերթին ներառում է օրինակ բելառուս-ռուսական հարաբերության սուբյեկտների հետաքրքրություն ներկայացնող իրողություններ:

Այդ իմաստով ակնառու է, որ ընդհանուր խաղի կամ խաղափուլի շրջանակը լայն է եւ ներառում է եվրասիական տնտեսա-քաղաքական, անվտանգային համակարգը, աշխարհակարգի վերափոխման դինամիկ եւ ինտենսիվ ժամանակաշրջանում նաեւ դրա եվրասիական թեւի վերափոխման անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը:

Այստեղ առանցքում բնականաբար Ռուսաստանն է եւ դրանից տարբեր ճյուղավորումները, ներառյալ Հայաստանը: Եվ այդ իմաստով Բելառուսի նախագահի հերթական թեժացումները կարող են որոշակիորեն փոխհատուցել Հայաստանի հանդեպ նրա հայտնի քայլերն ու տրամադրությունները՝ այս խաղափուլում Երեւանի հնարավորությունների շրջանակը մեծացնելու տեսքով, որն անշուշտ պետք է օգտագործել, «նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» սկզբունքով: Իհարկե պետք է նկատել, որ գործնականում այդ սկզբունքն է միջազգային քաղաքականության հիմքում գրեթե ամբողջությամբ, այդ քաղաքականությունը միմյանց խանգարելու եւ օգնելու մի անվերջ շղթա է, որտեղ արդեն սուբյեկտների մրցունակությունից ու կարողունակությունից է կախված՝ օգնողներն են ավելի շատ, թե խանգարողները:

https://www.lragir.am/2019/01/11/408652/

Be the first to comment on "Լուկաշենկոն փոխհատուցում է Հայաստանին. Մինսկի դեմարշը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ