Ինչպես Սերժ Սարգսյանն ազատեց գլուխը. Քոչարյանը չի հավատում

Թավշյա հեղափոխության մեկնարկից ակնառու էր, որ Հանրապետական կուսակցությունը տեղի ունեցողը բնորոշում է իբրեւ «արտաքին ուժերի դավադրություն», որը կատարվում է Հայաստանը կործանելու, Արցախի դեմ գործելու համար: Հետագա ամիսներին ՀՀԿ-ն շարունակեց այդ բնորոշումները, իսկ նախընտրական քարոզչության վերջին օրերին Հանրապետականն ուղղակի գնում է վա-բանկ, կանգ չառնելով ընդհուպ պետականության համար վտանգավոր նենգափոխումների առաջ:

Այդ իմաստով, եթե կեսկատակ բնորոշենք հեղափոխությունն իբրեւ «դավադրություն», ապա դա թերեւս արվել է ոչ թե Փաշինյանի, ապա հենց ՀՀԿ միջոցով պետականությանը հարվածելու համար, այն հաշվարկով, որ բավական է ՀՀԿ-ն զրկել իշխանությունից, որպեսզի այդ միավորը ավելի ջերմեռանդորեն լծվի պետականության հաշվին սեփական մի քանի մանդատի հարց լուծելու գործին, կանգ չառնելով արդեն քայքայիչ գործունեության առաջ:

Իսկ եթե լուրջ, ապա Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին գտել է ՀՀԿ-ից «գլուխն ազատելու» ամենահարմար տարբերակը: Բանն այն է, որ հռչակելով նրան անփոխարինելի, Հանրապետականն անշուշտ ակնկալում էր դրա դիմաց հավերժացող իշխանություն, երբ Սերժ Սարգսյանը կշարունակեր կրել ամբողջ պատասխանատվությունը, մինչ կորպորացիան իր ներսում կփորձեր գտնել Սարգսյանին փոխարինողի հարցում անհրաժեշտ կոնսենսուսը:

Սարգսյանը դա իհարկե լավ էր պատկերացնում: Ընդ որում, ավելի վաղ, զգալով առկա համակարգի բնույթը: Այդ համակարգը գործնականում խժռել էր հանրությանը՝ իր առաջին երկու տասնամյակների ընթացքում, ու երրորդ տասնամյակ թեւակոխում էր արդեն մի իրավիճակում, երբ խժռելու բան չէր մնացել՝ յուրայիններից բացի:

Իսկ դա նշանակում է, որ մի օր անխուսափելիորեն հասնելու էր Սերժ Սարգսյանի հերթը: Նա դեռեւս իր նախագահության մեկնարկին էր լավ պատկերացնում, որ հազիվ թե երկար ճանապարհ ունի այդ համակարգի հետ անցնելու: Այդ պատճառով էլ նախագահության ընթացքում փորձեց կատարել որոշակի փոփոխություններ, սակայն տեղի տվեց ներքին դիմադրությանը: Նրան թույլ չտվեցին փոխել հենարան ու համակարգի ներքին դասավորություն ու կառուցվածք:

Տասնամյակի վերջում գործնականում արդեն պարզ էր, որ ՀՀԿ կորպորացիան ու Սերժ Սարգսյանը չունեին ընդհանուր որեւէ եզր: Սերժ Սարգսյանի պարտությունն անխուսափելի էր: Նրան թույլ տվեցին գնալ երրորդ ժամկետի՝  ներքին կոնսենսուսի համար ժամանակ շահելու եւ հետո նրան խժռելու միջոցով «թարմ արյան ինքնաներարկման» համար:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Թավշյա հեղափոխությունը գործնականում փրկեց Սերժ Սարգսյանին, եւ նա օգտագործեց պահն ու հանձնեց իշխանությունը: Նա ուղղակի չուներ ավելի լավ ընտրություն՝ թե մոտ, թե հեռու ապագայի համար: Դա նրա համար նույնիսկ չարյաց փոքրագույնը չէր, այլ հենց լավ տարբերակ, այն հեռանկարների համեմատությամբ, որ անխուսափելիորեն սպասում էին նրան: Սարգսյանը անշուշտ լավ էր պատկերացնում, որ համակարգն իր հանդեպ վարվելու է շատ ավելի կոշտ ու դաժան, քան իշխանափոխություն պահանջող հանրությունը՝ եթե ոչ ձեւով, ապա բովանդակությամբ:

«Արտաքին դավադրության» տեսությունը Սարգսյանի «ալիբին» է թերեւս հետիշխանական կամ հետհեղափոխական ներհամակարգային հարաբերությունների պարզաբանման գործընթացում, երբ նա դրանով փորձում է «համոզիչ» փաստարկ ներկայացնել, որ ինքն էլ բոլորի նման դարձել է միջազգային, այսինքն ավելի ուժեղ եւ անկասելի «դավադրության» զոհ, որպեսզի նրան չներկայացնեն իրենց հանդեպ «դավադրության» կամ «հանձնելու» պահանջներ ու դիտողություններ:

Համակարգի մի մասը անկեղծորեն հավատացել է դրան, մյուս մասը, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, մինչեւ հիմա էլ դրան չի հավատում եւ կռիվ է անում Սերժ Սարգսյանի դեմ մինչեւ հիմա, ինչի վկայությունը նոյեմբերի 30-ին էլ նրա ելույթն էր Լազարեւյան ակումբում:

https://www.lragir.am/2018/12/06/401572/

Be the first to comment on "Ինչպես Սերժ Սարգսյանն ազատեց գլուխը. Քոչարյանը չի հավատում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ