Ո՛Չ ՍԱՍՈՒՆ ԵՄ ՏԵՍԵԼ ՕՄԱՐՈՒՄ, Ո՛Չ ԴԱՎԻԹ

Արցախյան ազատամարտի ժամանակ Շուշիի ազատագրման օպերացիայի շտաբի պետ, նաեւ Օմարի լեռնանցքի գրավման չորս ուղղությունների հրամանատարներից գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը հարցին, թե ով է ճիշտ՝ Սասուն Միքայելյա՞նը, թե՞ Դավիթ Շահնազարյանը Օմարի լեռնանցքի մասին հայտարարություններում, լակոնիկ, բայց բազմանշանակ ասաց․ «Ես Օմարում ո՛չ Սասուն եմ տեսել, ո՛չ Դավիթ»։

Նա անասելի բարկացած է լեռնանցքի գրավման-ժամանակավոր հանձնման մասին նախընտրական քարոզչության շրջանի բացահայտումներից էլ, լրագրողներից էլ, որ, գեներալի խոսքով, ամեն ասված հիմարություն գրում են։ Իհարկե, հասկանալի չէ, թե ինչ մեղք ունեն այս պարագայում լրագրողները, որոնք ընդամենը քաղաքական գործիչների հայտարարություններն են ներկայացնում ընտրողին-ընթերցողին։ Իսկ հայտարարություններն էլ հնչում են այս քարոզարշավի առաջատարների կողմից, քննարկվում քաղաքական բանավեճերի ժամանակ։

Ֆելիքս Գզողյանն Օմարի լեռնանցքը գրաված հրամանատարներից է, մյուս ուղղություններով զինվորական ուժերին առաջնորդել են Յուրի Խաչատուրովը, Վալերի Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ պատգամավորության թեկնածու, 94-ին ԱԱԾ պետ աշխատած Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսին լրագրողներին խորհուրդ տվեց Սասուն Միքայելյանից հարցնել, թե 94-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպես զիջեցին հակառակորդին, ով էր այդ հանձնող հրամանատարներից մեկը, եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակ նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, ու ովքեր նրան համոզեցին, որ դա չանի: Սասուն Միքայելյանն էլ ի պատասխան խոստացել էր, որ Դավիթ Շահնազարյանը պատասխան կտա իր անհիմն հայտարարությունների համար։

Հիշեցնենք, որ հակառակորդը 1993 թ. վերջին օրերին մարտական գործողություններ էր սկսել՝ Օմարի լեռնանցքին տիրելու համար, իսկ այնուհետեւ, զարգացնելով հաջողությունը, սկսել էր առաջանալ Քելբաջարի շրջանի խորքերը, սակայն ԼՂ ՊԲ հրամանատարությունը կարճ ժամկետում կարողացավ վերախմբավորել ուժերը եւ հակառակորդին կանգնեցնել Չապլի-Կամըշլը-Բաղըրլը լեռ-Յանշաղ բնագծում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ֆելիքս Գզողյանը հիշեց նաեւ, որ լեռնանցքի գագաթին ինքը բարձրաձայն արտաբերել է՝ թող ադրբեջանցիները մեզ չջղայնացնեն, թե չէ Կիրովաբադն էլ կգրավենք, Բաքուն էլ՝ հետը։

https://hraparak.am/post/213707

Be the first to comment on "Ո՛Չ ՍԱՍՈՒՆ ԵՄ ՏԵՍԵԼ ՕՄԱՐՈՒՄ, Ո՛Չ ԴԱՎԻԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ