Ինչ ցույց տվեց «մեծ բանավեճը»

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին դեմքերի «մեծ բանավեճը» շարունակվեց շուրջ 3 ժամ և 30 րոպե: Թեմաներն առնչվում էին Արցախի ու անվտանգության խնդիրներին, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացման խնդիրներին, սահմանադրական փոփոխություններին, պետական կառավարման կառուցվածքին եւ այլն:

Նման ձեւաչափով դա առաջին բանավեճն էր, եւ պետք է ասել, որ այն ծառայեց նպատակին եւ կարող է կողմնորոշելու նյութ տալ այն ընտրողներին, ովքեր ցանկանում են քվեարկել՝ առաջնորդվելով քաղաքական ուժերի ներկայացրած գաղափարներով ու լուծումներով:

Պետք է ասել, որ այդ նյութը խիստ աղքատիկ էր, իսկ քաղաքական ուժերի ներկայացրած պատկերացումները՝ բավական նեղ ու երբեմն անհեթեթ: Դա կարելի էր կապել գուցե բանավեճի ձեւաչափի հետ, երբ մասնակիցները շատ ժամանակ չունեին, կամ կապել նախընտրական տրամաբանության հետ, որի ժամանակ «թույլատրելի» են պոպուլիզմն ու դեմագոգիան:

Մյուս կողմից, եթե քաղաքական ուժը ունի մշակված հստակ ծրագրեր եւ հստակ պատկերացումներ, երկու րոպեն էլ բավական է այն ներկայացնելու համար: Եվ օրինակը նորաստեղծ Քաղաքացու որոշում կուսակցության առաջին համարն էր, ով թե հարցադրումների, թե տարբեր խնդիրների վերաբերյալ ներկայացնում էր ծրագրային մոտեցումներ:

Իսկ մյուսներն իրենց տարերքի մեջ էին:

Օրինաց երկրի առաջնորդը շարունակում է իր դեմագոգիան ու գոռգոռոցը, տարիներ շարունակ կրկնելով նույն մոտեցումները: Երեկ նույնիսկ տպավորություն էր, որ ապրիլից այս կողմ ժամանակահատվածը ՕԵԿ-ը բաց է թողել:

Դաշնակցությունն ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ է, քանի որ այս անգամ իրեն խորհրդարան «տանող» չկա, եւ դա հստակ երեւաց ցուցակի առաջին համարի ելույթներից:

ՀՀԿ-ի մասին խոսելն ավելորդ է՝ դրա ցուցակի առաջին համարը պարզապես մատնեց ՀՀԿ-ի հոգեվարքը իրենց սգո պաստառների կատարյալ ներդաշնակության մեջ:

ԲՀԿ-ն շարունակում է «ջանսաղության» իր հայեցակարգով, իսկ դրա առաջին համարի ելույթները երեկ կարգին զվարճացրին հեռուստադիտողներին:

Սասնա ծռերը չեն կարողանում դուրս գալ մարգինալության վիճակից, դրա առաջին համարի անժպիտ ու անըմբռնելի մտքերը ավելի խորացրին այդ վիճակը:

Լուսավոր Հայաստանը փորձում է մարդկանց համոզել, թե ինչու պետք է ընտրեն իրենց, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցածը վերագրելով իրեն:

Ազատական դաշտի մյուս ներկայացուցչի՝ Մենք դաշինքի մասին բավական դժվար է ինչ որ բան ասել: Այս դաշտը մնում է ազատ, եւ այս երկու կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողանում «լցնել» այն:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ եւ Ազգային առաջընթաց կուսակցությունների առաջին համարները բավական համակրելի մարդիկ են եւ որոշ հարցերում հետաքրքիր բաներ էին ասում:

Ինչ վերաբերվում է Իմ քայլը դաշինքին, այն իշխող ուժ է՝ դրանից բխող օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Թավշյա հեղափոխությունը յուրահատուկ իրավիճակ է առաջացրել քաղաքական դաշտում: Եթե հակիրճ բնութագրենք իրավիճակը, ապա ապրիլյան եւ հետագա իրադարձությունները քաղաքական-գաղափարական սնանկացման եզրին են դրել քաղաքական ուժերի, ընդհանրապես հանրային-քաղաքական բավական լայն շրջանակների զգալի մասին: Արդյոք դա հաղթահարելի է՝ ցույց կտա ժամանակը:

https://www.lragir.am/2018/12/06/401262/

Be the first to comment on "Ինչ ցույց տվեց «մեծ բանավեճը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ